16 հուլիսի 2010 - 20:40 AMT
Հայաստանից ու Ղազախստանից «Սլավյանսկի բազար» մրցույթի մասնակիցները սոլո ալբոմի ձայնագրման իրավունք ստացան

Հայաստանի ու Ղազախստանի ներկայացուցչուհիներ Անահիտ Շահբազյանն ու Դինարա Սուլտանգալիևան արժանացան ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հատուկ մրցանակին` սոլո ալբոմի ձայնագրման իրավունքին «Վիտեբսկ» էստրադային երգի կատարողների XIX Միջազգային մրցույթի արդյունքներով:

Անահիտ Շահբազյանը մրցույթում երեք երգ ներկայացրեց, որոնցից մեկը (Ալեքսանդր Ժուբինի «Ինձ Սեր կանչիր») գրել է սլավոնացի կոմպոզիտոր, դա մրցույթի պարտադիր պայմանն է, մյուսը (Արթուր Գրիգորյանի «Ծով»-ը) գրել է հայ կոմպոզիտոր, իսկ երրորդը` իր ընտրությամբ (Spirituals “And I’m tellin you”):

Մրցույթն անցկացվում էր «Սլավյանսկի բազար Վիտեբսկում» Արվեստների միջազգային փառատոնի շրջանակներում, որն ավելի քան 5 հազար հյուրեր էր հավաքել աշխարհի 34 երկրներից: Այս տարի առաջին անգամ փառատոնին մասնակցում էին Չեռնոգորիայի, Պանամայի ու Կուբայի ներկայացուցիչներ: Փառատոնի 16 համերգային հրապարակներում կայացան 70 ստեղծագործական նախագծեր, որոնց ականատես եղան 150 հազ. հանդիսատեսներ: Այս տարի «Սլավյանսկի բազար Վիտեբսկում» փառատոնը լուսաբանում էին ավելի քան 500 թղթակիցներ աշխարհի 20 երկրներից:

Անցյալ տարի սոլո ալբոմի ձայնագրման իրավունքի ՀՀՄՀ վկայականներ հանձնվեցին ռուս Դմիտրի Դանիլենկոյին ու մոլդավացի մասնակից Պաշա Պարֆինիյին: