17 հուլիսի 2010 - 17:58 AMT
Ռումինիայի Դումբրվեն քաղաքում բացվել է Տրանսիլվանիայի հայոց թանգարանը

Հուլիսի 15-ին մշակութային ինքնության վերականգնման եւ խթանման ռումինա-եվրոպական լայն համագործակցության շրջանակներում Ռումինիայի Դումբրվեն (Dumbraveni) քաղաքում, հայ կաթողիկե Սբ Եղիսաբեթ տաճարի հարևանությամբ գտնվող Ապաֆի ամրոցում, շքեղ հանդիսությամբ բացվեց Տրանսիլվանիայի հայոց թանգարանը: Արարողության կազմակերպիչներն էին ռումինական թանգարանների ազգային ցանցը և նրա գործընկերներ Դումբրվենի քաղաքային խորհուրդը, Տրանսիլվանիա տրեստը, նորվեգական Ֆոլկեունիվերսիտետետ և Դումբրվենի հայկական Ելիզաբեթուպոլիս հաստատությունները:

Տրանսիլվանիայի հայոց թանգարանի հիմնադրումն իրականացվում է Նորվեգիայի, Իսլանդիայի և Լիխտենշտեյնի կառավարությունների հիմնադրած «Հայ համայնքի վերածնունդին ուղղված գործողություններ» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է խթանել Դումբրվենի նախկին հայ համայնքի մշակութային ժառանգության պահպանությունն ու ներկայացումը, ինչպես նաև դրա միջոցով զբոսաշրջության տեղի սոցիալ-տնտեսական զարգացումը:

Արարողությանը ներկա էին Հայաստանի և Նորվեգիայի դեսպանները, Սիբիու նահանգի ղեկավարը, Ռումինիայի կառավարության ու խորհրդարանի ներկայացուցիչները, տեղական իշխանությունների, կրթության, գիտության ու մշակույթի ոլորտի ռումին և եվրոպական այլ երկրների գործիչներ, Ռումինահայոց միության ղեկավարներ, Դումբրվենի և շրջակա քաղաքների հասարակությունների հարյուրավոր ներկայացուցիչներ:

Բացման ժապավենը կտրելուց հետո Դումբրվենիի քաղաքապետ տիկին Ջորջետա Իրիմիեն հյուրերին հրավիրել է ամրոց մտնել և դիտել հայոց թանգարանում Տրանսիլվանիայի հայոց անցյալի, նիստուկացի, երկրամասի զարգացման մեջ նրանց ներդրած նպաստի, հայերի կազմակերպած 1700-ական թվականներին Դումբրվեն քաղաքի հիմնադրման մասին պատմող ցուցահանդեսը:

Ապաֆի ամրոցից, որը ժամանակին նույնպես պատկանել է հայերին, հյուրերն ուղղվել են Դումբրվենի Հայոց կաթողիկե Սբ Եղիսաբեթ տաճար, որը հիմնվել է 1766-1791թթ. և համարվում է Տրանսիլվանիայի ամենագեղեցիկ տաճարներից մեկը: Այսօր այն ծառայում է տեղի ու շրջակա փոքրաթիվ հայ կաթոլիկ համայնքին, ինչպես նաև տեղացի հավատացյալներին: Տաճարը զարդարված է արժեքավոր գործերով, ունի հարուստ հավաքածու և գրադարան: Այնտեղ կազմակերպվում են նաև դասական երաժշտության համերգներ ու մշակութային երեկոներ: Դումբրվենում տարբեր ժամանակներում հայերը հիմնել են յոթ եկեղեցի: Այսօր էլ նրանցից մի քանիսը պահպանվում են հայերեն գրություններով: Պահպանվում են նաեւ հայերի կառուցած դատարանի շենքը, օրիորդաց վարժարանը, բանտը, գերեզմանոցը:

Թանգարանի բացման արարողությանը նախորդել էր Ապաֆի ամրոցում կազմակերպված «Վերապրել մշակույթի միջոցով» գիտաժողովը, որի ընթացքում մշակութային բազմազանության, մշակութային ինքնությունների և եվրոպական արժեքների ձևավորման մեջ նրանց ունեցած դերի շրջանակներում նույնպես լայն անդրադարձ է կատարվել հայոց պատմությանն ու մշակույթին:

Տրանսիլվանիայի հայոց թանգարանի բացման կապակցությամբ տրված ընդունելությանը ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը երախտագիտություն է հայտնել թանգարանի հիմնադիրներին և ծրագիրն իրականացնողներին: Նա այդ ակցիայի նշանակությունը կարևորել է ոչ միայն ռումինական, այլև միջազգային առումով, ինչը կարող է նպաստել ժողովուրդների միջև փոխըմբռնման ու սերտ համագործակցության հաստատմանը:

Հուլիսի 16-ի առավոտյան դեսպան Գասպարյանն այցելել է Դումբրվենի քաղաքապետարան, ուր նրան ընդունել է քաղաքապետ տիկին Ջորջետա Իրիմիեն:

Ծավալված ջերմ ու անմիջական զրույցին, որին մասնակցում էին Ռումինահայոց միության, ինչպես նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչները, մտքեր են փոխանակվել Դումբրվեն քաղաքում հայկական մշակութային հարուստ ժառանգության պահպանման ու Հայաստանի հետ կապերի հաստատման շուրջ: Այս իմաստով կրկին անգամ կարևորվել է հայոց թանգարանի հիմնումը և նրա հետագա գործունեությունը, որն իր վրա կարող է բևեռել շատերի ուշադրությունը ոչ միայն Ռումինիայից, այլև Հայաստանից ու ամբողջ աշխարհից:

Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել առաջիկայում շարունակել խորհրդակցությունները կոնկրետ ծրագրերի ու քայլերի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: