17 հուլիսի 2010 - 18:03 AMT
ՀՀ նախագահ. Դմիտրի Մեդվեդևի այցը Հայաստան հայ-ռուսական հարաբերություններում նոր փուլի սկիզբ կդառնա

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան հուլիսի 17-ին ընդունել է ՌԴ կառավարության ղեկավարի տեղակալ, Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովին:

Անդրադառնալով հայ-ռուսական բարձր մակարդակի հարաբերություններին` երկուստեք ընդգծել են, որ դրանք զարգանում են ռազմավարական գործընկերության ոգուն համապատասխան: Նախագահ Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի առաջիկա պետական այցը մեր երկիր այդ հարաբերություններում նոր փուլի սկիզբ կդառնա:

ՌԴ կառավարության ղեկավարի տեղակալի խոսքով, երկու երկրների միջև բոլոր մակարդակներով արդյունավետ երկխոսությունն ամուր հիմք է հանդիսանում նոր ծրագրերի իրականացման ու փոխգործակցության հետագա ընդլայնման համար:

ՀՀ նախագահը նաև շնորհավորել է Ալեքսանդր Ժուկովին` ՌԴ օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ ու վստահություն հայտնել, որ իր աշխատանքով նա նոր թափ կհաղորդի Ռուսաստանում արդեն իսկ լավ ավանդույթներ ունեցող սպորտի և օլիմպիական շարժման զարգացմանը, ինչն անկասկած կնպաստի այդ ոլորտում ևս Հայաստանի ու Ռուսաստանի միջև համագործակցության ամրապնդմանը: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: