17 հուլիսի 2010 - 19:01 AMT
Էդուարդ Շարմազանով. Այսօր Ադրբեջանն Ալմաթիում դեղին քարտ ստացավ

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը մեկնաբանեց Ալմաթիում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունը: «Ալմաթիում ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը հետևած Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի ղեկավարության ուժի սպառնալիքի և պատերազմ սկսելու վերաբերյալ հոխորտանքներն անպատասխան չեն մնում:

Մասնավորապես հայտարարության մեջ քննադատվում է ուժի սպառնալիքի կիրառումը, ինչպես նաև ԱԳ նախարարները հղում են անում ԵԱՀԿ ԱԳ նախարարների Աթենքում արված հայտնի հայտարարությանը, որտեղ առաջին անգամ միջազգային փաստաթղթերում գործածության մեջ մտավ ԼՂ կարգավորման գործընթացում ինքնորոշման իրավունքի կիրառման սկզբունքը: Հայտարարության մեջ հիշեցվում է հրադադարի ռեժիմի պահպանման մասին, որը 1994թ. կնքվել է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև:

Այս ամենը ցույց է տալիս, որ Բաքվի իշխանությունների սեփական հանրությանը հաճոյանալու նպատակով արվող ստահոդ հռետորաբանությունն այդ երկիրը տանում է փակուղի, որի հետևանքով այսօր Ադրբեջանն Ալմաթիում դեղին քարտ ստացավ», - ասել է Էդուարդ Շարմազանովը :