18 հուլիսի 2010 - 19:31 AMT
Սերգեյ Մինասյան. Ադրբեջանի գերագույն ղեկավարությունը հերթական անգամ ազատվեց պատրանքներից

ԵԱՀԿ գագաթաժողովն Ալմաթիում ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ մի քանի կարևոր տարրեր արձանագրեց, սակայն դրանցից ոչ մեկը նորություն չէր: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Կովկասի Ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: «ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարության մեջ ևս մեկ անգամ շեշտվեց խաղաղ գործընթացին այլընտրանքի բացակայությունը` ֆիքսելով 2010 թվականի հունիսի 18-ին Չայլու գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպը: Հասկանալի է, որ դա հակամարտության կողմերից կոնկրետ մեկին ուղղված նախազգուշացում էր: Արձանագրվեց նաև Հելսինկյան ամփոփիչ ակտի բոլոր երեք սկզբունքների իրավահավասարությունը»,- ասել է Մինասյանը:

Նա նշել է նաև, որ ԵԱՀԿ ՄԽ-ն ընդգծել է, որ կողմերը պետք է պահպանվող ստատուս-քվոյի բանակցային կոնսենսուս գտնեն: «Միջնորդ երկրները հասկանում են ներկայիս ստատուս-քվոն հաշվի առնելով բանակցությունների շարունակականության անխուսափելիությունը, ինչը, թերևս, ընդունվել է նաև Ադրբեջանի ԱԳ նախարարի ու շատ այլ ադրբեջանցի առաջատար փորձագետների կողմից»: Այսինքն, կարելի է ասել, որ ԵԱՀԿ այս գագաթաժողովից հետո և’ Ադրբեջանի գերագույն ղեկավարությունը, և’ այդ երկրի հասարակական-քաղաքական շրջանակները հերթական անգամ ազատվեցին այն պատրանքներից, որոնք անհասկանալի պատճառով վերջին մեկուկես-երկու ամիսներին համակել էին նրանց, թե իբր հնարավոր են միակողմանի զիջումներ` առանց ստեղծված ռազմաքաղաքական իրողությունները հաշվի առնելու: Ամենագլխավորն այն է, որ Ադրբեջանը հերթական անգամ հասկացավ, որ բանակցային գործընթացում շանտաժն օգտագործելու փորձերն ու, առավել ևս, ռազմական գործողությունների վերսկսումն անհնար են կամ էլ լուրջ հետևանքներ կունենան ինչպես տարածաշրջանում ուժերի ռազմաքաղաքական հավասարակշռության, այնպես էլ միջազգային հանրության ու առաջատար տերությունների հստակ դիրքորոշման համար, որոնք բացառում են ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների հնարավորությունը»,- ընդգծել է Մինասյանը: