19 հուլիսի 2010 - 14:06 AMT
Ատոմ Էգոյանը Սերժ Ավեդիկյանին է հանձնել Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալը

«Ոսկե ծիրան» յոթերորդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական փակման ժամանակ ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավեդիկյանին հանձնվեց Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալը: Մեդալը նրան հանձնեց աշխարհահռչակ ռեժիսոր Ատոմ Էգոյանը: «Ես արդեն մեկ անգամ մրցանակ ստացել եմ Ատոմ Էգոյանից`Կաննում»,-կատակել է Սերժ Ավեդիկյանը` հիշեցնելով, որ հենց Էգոյանն էր գլխավորում Կաննի փառատոնի ժյուրին, որը նրան շնորհեց գլխավոր մրցանակը` Ոսկե արմավենու ճյուղը: Արարողության ժամանակ ցուցադրվեց նաև Ավեդիկյանի անիմացիոն «Շների կղզին» ֆիլմը:

Փակելով «Ոսկե ծիրանը»` փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը հորդորեց ներկաներին չտխրել, քանի որ յոթերորդ փառատոնի փակումը նշանավորում է ութերորդի բացումը: