19 հուլիսի 2010 - 14:07 AMT
Առաջիկա 1-2 ամիսների ընթացքում ակտիվությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ կնվազի

Ալմաթիում կայացած ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների ԼՂՀ վերաբերյալ հայտարարությունն ուղիղ հետևանք է Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարությունների, այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Ըստ նրա, այս հայտարարությամբ ասվեց, որ Ալիևը չափն անցել է: Քաղաքագետի խոսքերով, Ալմա Աթայի հայտարարությունից հետո Ադրբեջանը չի գնա կտրուկ գործողությունների իրավիճակն ապակայունացնելու առումով, այլ կշարունակի բանակցային գործընթացը: «Բայց առաջիկա 1-2 ամիսների ընթացքում ակտիվությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ կնվազի, քանի որ կողմերին ժամանակ է պետք մտածելու համար»,-ասել է Ստեփան Գրիգորյանը: Նա նաև նշեց, որ եթե Ադրբեջանը հանկարծ խախտի զինադադարը և վերսկսի ռազմական գործողությունները, ապա հայկական կողմը բացի նրանց ետ մղելուց ոչ մի գործողություն չպետք է ձեռնարկի, օրինակ, չպետք է մտնի Կիրովաբադ: «Դա կլինի մեր փոխզիջումը, որով ցույց կտանք ամբողջ աշխարհին, որ մենք տարածքներ գրավելու խնդիր չունենք և լուծում ենք միայն ԼՂՀ խնդիրը, որի արդյունքում միջազգային հանրությունը միակողմանի կարգով կճանաչի ԼՂՀ անկախությունը»,-ասել է քաղաքագետը: