19 հուլիսի 2010 - 19:06 AMT
Հայաստանի և Ռուսաստանի ռազմարդյունաբերական ձեռնարկությունները կհամագործակցեն

Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության հետագա զարգացման նպատակով եռօրյա այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինի գլխավորած պատվիրակությունը:

Հուլիսի 19-ին պատվիրակությանն ընդունել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին կից Գործարար խորհրդի նախագահ Ալեքսանդր Նոզդրաչևը, ինչպես նաև` Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի` մեկ տասնյակից ավելի առաջատար ձեռնարկությունների ղեկավարներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմարդյունաբերական համալիրի զարգացման, Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում համատեղ ձեռնարկությունների ստեղծման հարցերը:

Մատնանշելով վերջին տարիներին հաջողությամբ գործող ռուս-բելառուսական «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի գործունեությունը` Արթուր Բաղդասարյանը կարևորել է Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ընդգրկման հնարավորությունը նշված խմբի ձեռնարկությունների կազմում:

Հանդիպումից հետո Արթուր Բաղդասարյանը պատվիրակության հետ մեկնել է Գյումրիի ավիացիոն բազա, Վանաձորի «Սլացք» եւ «Ավտոգեն-մ» ձեռնարկություններ: Պատվիրակությունն այցելել է նաեւ «Չարենցավանի հաստոցաշինական գործարան», Հրազդանի «Պատնեշ» ձեռնարկություններ, ուսումնասիրել դրանց հզորությունները: Երկու երկրների ձեռնարկությունների ղեկավարները քննարկել են ռազմատեխնիկական ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությունները:

ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հունիսյան նստաշրջանի միջոցառումների պլանի իրագործման հարցերի քննարկումը նախատեսվում է հուլիսի 20-ին: Այդ նպատակով Հայաստան է ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հաղորդում է ԱԱԽ քարտուղարի մամլո գրասենյակը: