20 հուլիսի 2010 - 13:41 AMT
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտադիր է վերանայել իր ծրագիրը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, չնայած նրան, որ ամառ է, շարունակում է իր ակտիվ գործունեությունն օրինագծերի նախապատրաստման ուղղությամբ, որպեսզի աշնանային նստաշրջանում դրանք ընդգրկվեն ՀՀ ԱԺ օրակարգում: Ամռանը կուսակցությունը մտադիր է նաև ակտիվացել երիտասարդական թևի աշխատանքը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը:

Ըստ Բոստանջյանի, կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է վերանայել կուսակցության ծրագիրը, որպեսզի այն առավել նպատակային ու արդյունավետ լինի: «Նոր փոփոխությունները կուսակցության ծրագրում հիմնականում կվերաբերվեն Հայաստանում փոքր ու միջին բիզնեսի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Զարգացած երկրներում փոքր ու միջին բիզնեսը կազմում է ՀՆԱ-ի 70 տոկոսը, իսկ Հայաստանում` 40 տոկոսից ոչ ավելի»,-նշել է նա: Բոստանջյանը հավելել է, որ ներկա պայմաններում Հայաստանի կառավարության գործունեությունը չի կարելի բացասաբար գնահատել:

Անդրադառնալով ԵՄ-ի հետ ասոցիատիվ համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկին` նա նշեց, որ դա կբարելավի ներդրումային միջավայրը Հայաստանում:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե որքանով է հավանական արտահերթ ընտրությունների անցկացումը Հայաստանում, պատգամավորը նշեց, որ նման հավանականություն նա ընդհանրապես չի տեսնում: «Այս պահի դրությամբ Հայաստանում չկա այնպիսի ուժ, որը կկարողանա սպառնալիք լինել իշխանությունների համար»,-ասել է նա: