20 հուլիսի 2010 - 15:31 AMT
Հայաստանի համայնքների բյուջետային փաստացի մուտքերը կազմել են 37,7 մլրդ դրամ

2010 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի համայնքների բյուջետային փաստացի մուտքերը կազմել են 37,7 մլրդ դրամ` նախատեսված 41,3 մլրդ դրամի դիմաց, որի արդյունքում առաջին կիսամյակի ծրագիրը կատարվել է 91,2 տոկոսով: Այդ մասին ՀՀ կառավարության մամլո կենտրոնում հայտնել է Հայաստանի տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը: Ընդ որում, ըստ նրա, վարչական բյուջետային մուտքերը կազմել են 37,1 մլրդ դրամ, իսկ մուտքերը` 965,3 մլն դրամ: «Համայնքների եկամուտների հավաքագրման ընդհանուր մակարդակը 2009 թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 69,2 տոկոսով կամ 15,4 մլրդ դրամով, իսկ առանց Երևանի` 16,9 տոկոսով կամ 2,4 մլրդ դրամով»,-ասել է նա: Այդ առնչությամբ փոխնախարարը հավելել է, որ դա լավ ցուցանիշ է և հույս է հայտնել, որ համայնքները կարող են բարձր ցուցանիշ ապահովել տարեվերջին:

ՀՀ համայնքների սեփական եկամուտները կազմել են 9,8 մլրդ դրամ 11,2 մլրդ դրամ նախատեսված ցուցանիշի փոխարեն, կատարողականը` 86,9 տոկոս: «2009թ. նույն շրջանի համեմատ այդ ցուցանիշն աճել է 25 տոկոսով կամ 1,95 մլրդ դրամով, իսկ առանց Երևանի` 9,9 տոկոսով կամ 440,3 մլն դրամով»,-նշել է նա:

Ինչպես հայտնել է Վաչե Տերտերյանը, հողի հարկի հավաքագրումը կատարվել է 81,2 տոկոսով (1,9 մլրդ դրամ), տեղական տուրքերի հավաքագրումը` 120,2 տոկոս (1,2 մլրդ դրամ), իսկ գույքի վարձակալությունից` 78,2 տոկոս (975 մլն դրամ): Անդրադառնալով տեղական տուրքերին և գույքի վարձակալության հարկին, փոխնախարարը նշել է, որ իրենց բազան ճշգրտումներ է պահանջում: Ընդ որում, նա պարզաբանել է, որ հարկային բազայի ճշտման օբյեկտիվ պատճառներից է գույքի պետական գրանցման ծախսատարությունը, ուստի «համայնքների ղեկավարները դժկամությամբ են գնում դրան»: