20 հուլիսի 2010 - 15:51 AMT
Հայաստանն ու Ռումինիան մտադիր են ակտիվացնել երկկողմ տնտեսական համագործակցությունը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը հուլիսի 20-ին ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Կրինա Ռոդիթա Պրունարիուին և տարբեր ոլորտներում ծրագրային ապահովմամբ զբաղվող ռումինական «Սիվեկո» ընկերության ներկայացուցիչներին: Նախարար Մանուկ Վարդանյանը մանրամասն ներկայացնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առկա զարգացումները նշել է, որ երկկողմ տնտեսական համագործակցությունը բավարար չէ և այն զարգացման լայն հնարավորություններ ունի: Ըստ նախարարի, համագործակցությունը պետք է տեղափոխել ավելի գործնական դաշտ և ընդլայնել համագործակցության ոլորտները: Մանուկ Վարդանյանը հանդիսանալով նաև Առևտրատնտեսական և գիտատեխնիական համագործակցության հարցերով հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահը չբացառեց, որ ընկերության ներկայացվելիք առաջարկները կքննարկվեն համատեղ նիստի ընթացքում:

Դեսպանը, ընդգծելով երկկողմ տնտեսական համագործակցության ոչ բավարար լինելը, հույս հայտնեց, որ «Սիվեկո» ընկերության ներկայացուցիչների այցը կնպաստի այդ համագործակցության զարգացմանը:

Վերջում կողմերը պայմանավորվեցին, որ տարբեր գերատեսչությունների հետ քննարկումների արդյունքները ընկերության ներկայացուցիչներն ամփոփ կներկայացնեն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն, հաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը: