20 հուլիսի 2010 - 18:40 AMT
Բելգիացի գործարարները Հայաստան կայցելեն սեպտեմբերին

Հուլիսի 19 –ին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Սթեֆան դե Լոքերին: Ինչպես նշվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամլո հաղորդագրության մեջ, հանդիպման սկզբում կողմերը քննարկել են միջուկային բժշկության բնագավառին առնչվեղ հարցեր, մասնավորապես` արագացուցչի ձեռքբերման վերաբերյալ բելգիական կողմից տրամադրվող օժանդակությանը:

Կողմերը անդրադարձան նաև Բելգիայի Վալոնիայի Արտահանման Գործակալության (AWEX) և հայ-բելգիական առևտրի պալատի ներգրավմամբ իրականացվող ԱրմենՎալ ծրագրին և սեպտեմբերին` ծրագրի շրջանակներում նախատեսվող բելգիացի գործարարների Հայաստան կատարելիք այցին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի շրջանակներում փոխգործակցության ակտիվացումն ու ընդլայնումը ինչպես ԵՄ-ի հետ խորը և համապարփակ համաձայնագրի բանակցային գործընթացի շրջանակներում իրականացվող բարեփոխումների, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության հնարավորությունների վերաբերյալ: