21 հուլիսի 2010 - 16:22 AMT
Եղիշե Թանաշյան. Ծաղկաձորը կմահանա որպես զբոսաշրջային կենտրոն

«Նույնիսկ եթե Ծաղկաձորում ուշացումով կիրառվի նոր զբոսաշրջային քաղաքականությունը, այդ քաղաքը միևնույն է կմեռնի որպես զբոսաշրջային կենտրոն»,-հայտարարել է Ճամփորդական գործակալների հայկական միության փոխնախագահ Եղիշե Թանաշյանը հուլիսի 21-ի մամլո ասուլիսում: Ըստ նրա, այդ գործընթացն առնվազն անխուսափելի է ի սկզբանե սխալ որդեգրած զբոսաշրջային քաղաքականության պատճառով:

Ըստ Եղիշե Թանաշյանի, Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար առաջին հերթին պետական աջակցություն է հարկավոր: «Տաթևի ու Ջերմուկի ծրագրերը կնպաստեն զբոսաշրջություն զարգացմանը, սակայն դա հայկական զբոսաշրջության զարգացման ներուժի ընդամենը 15 տոկոսն է»:

Այս առնչությամբ նա ուշադրությունը հրավիրել է նաև այլընտրանքային զբոսաշրջության զարգացման վրա: «Հայաստանում զբոսաշրջությունը թանկ է, քանի որ մենք վաճառում ենք մեր պատմական ու մշակութային արժեքները: Դա հանգստի էլիտար տեսակ է, որի համար մարդիկ պատրաստ են բարձր գին վճարել: Սակայն այդ տիպի զբոսաշրջությունն այնուամենայնիվ չի ապահովում զբոսաշրջիկների մեծ ներհոսք: Դրան մենք կկարողանանք հասնել, զարգացնելով էքստրեմալ զբոսաշրջությունը, հանգիստը բնության գրկում և այլ տեսակները»,-նշել է Թանաշյանը: Սակայն ճամփորդական գործակալների համար ամենամեծ խնդիրն, ըստ Թանաշյանի, ավիատոմսերի չհիմնավորված բարձր գինն է: «Եթե Հայաստանում հանգստյան ամբողջական փաթեթն առանց ավիատոմսի կազմում է 600 դոլար, ապա տոմսի հետ այդ գումարը հասնում է 1500 դոլարի: Առաջին հերթին հարկավոր է պայքարել այդ ոլորտում չգրված մենաշնորհի դեմ»: