21 հուլիսի 2010 - 18:01 AMT
Հայաստանում աշխատանքային գրավոր և բանավոր պայմանագրերը հավասար ուժ են ձեռք բերում

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 15-ին ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «ՀՀ աշխատանքային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին, «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Աշխատանքի վարձատրության մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին օրենքները, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

ՀՀ կառավարությունն առաջարկում է նվազեցնել արտաժամյա և գիշերային աշխատանքի վարձատրության չափը` գործող օրենսգրքով սահմանված ժամային դրույքաչափի մեկուկես անգամից ոչ պակասի փոխարեն սահմանելով առաջին դեպքում 50%, երկրորդ դեպքում 30% հավելում, ինչպես նաև փոփոխություններ կատարել գործատուի ու աշխատակցի միջև պայմանագրի ստորագրման կարգի մեջ:

Առաջարկվող փոփոխությունների ընդունման դեպքում կարելի է կնքել ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր աշխատանքային գործարք, եթե այն աշխատանքային օրենսգրքով նախատեսված նվազագույն պայմաններ է պարունակում միայն: Այդպիսով, ՀՀ խորհրդարանը ցանկանում է կրճատել փաստաթղթերի ձևակերպման վրա ծախսվող ժամանակը: Իսկ աշխատանքային պայմանագիրը լուծարելու դեպքում վճարվող արձակման նպաստի չափերը կախված կլինեն տվյալ գործատուի մոտ աշխատողի անընդմեջ աշխատանքային ստաժից` որքան շատ է աշխատանքային ստաժը, այնքան մեծ է վճարվող գումարը: Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ աշխատանքային օրենսդրության խորհրդատվությամբ զբաղվող «Գործք» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Սարգսյանն ասել է, որ աշխատանքային օրենսգրքում ամենակարևոր փոփոխությունն այն է, որ գործատուի և աշխատակցի միջև կնքվող բանավոր և գրավոր պայմանագրերը հավասար ուժ են ձեռք բերում: Նրա խոսքերի համաձայն, աշխատանքային օրենսգրքի 108 հոդվածներում մտցվել են փոփոխություններ ու լրացումներ, որոնցից 88-ը մասնակի փոփոխման է ենթարկվել, իսկ 1-2-ը` ամբողջությամբ: