Ստամբուլի դատարանը մերժել է Հրանտ Դինքի հիմնադրամի հայցը

Ստամբուլի դատարանը մերժել է Հրանտ Դինքի հիմնադրամի հայցը

PanARMENIAN.Net - Հրանտ Դինքի հիմնադրամը հայցադիմում է ներկայացրել Ստամբուլի 9-րդ շրջանի վարչական դատարանին: Հայցադիմումով հիմնադրամը պահանջում է թուրքական դպրոցներում չցուցադրել “Blonde Bride—The Inner Face of the Armenian Problem Documentary” ֆիլմը, որը հակահայկական բովանդակություն ունի և խեղաթյուրում է 1915 թ. Հայոց ցեղասպանության փաստերը:

Դատարանը մերժել է հայցը`մերժումը հիմնավորելով այն բանով, որ վեց մասից բաղկացած հակահայկական ֆիլմի ցուցադրումը պարտադիր չէ: Ֆիլմը պատրաստել է Թուրքիայի ԶՈՒ ԳՇ-ն:

Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբան Ֆ. Չեթինի խոսքերի համաձայն, Ստամբուլի ազգային կրթության վարչությունն այդ ֆիլմն ուղարկել է դպրոցներ` կարգադրելով այն պարտադիր ցուցադրել: Նա նաև նշել է, որ ֆիլմը հայերի հանդեպ թշնամանք է սերմանում երեխաների մեջ, դրանով նպաստելով սխալ հոգեբանական զարգացմանը:

«Ֆիլմում հատվածներ կան, որոնցում գլուխատված դիակներ են ցուցադրվում, ինչպես նաև հայկական դպրոցներում երդման արարողություն, որի ընթացքում հայ աշակերտները երդվում են վրեժխնդիր լինել թուրքերից: Մենք բողոքարկելու ենք դատարանի որոշումը», - ընդգծել է Չեթինը:

Ֆիլմի ռեժիսոր Իսմայիլ Ումաջայի խոսքերի համաձայն, այդ վավերագրական ֆիլմի խորհրդատուներն են եղել թուրքական 15 հետազոտական կենտրոնների գիտնականներ: Ֆիլմում օգտագործվել են 11 երկրների արխիվները, գրում է Hurriyet Daily News-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---