22 հուլիսի 2010 - 12:18 AMT
Հայաստանի պատվիրակությունը Գերմանիայում մասնակցել է Արևելյան Եվրոպայի և Կովկասյան երկրների զինված ուժերի ԳՇ պետերի համաժողովին

Հուլիսի 19-20-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայի Գարմիշ-Պարտենկիրխեն քաղաքում մասնակցել է Արևելյան Եվրոպայի և Կովկասյան երկրների զինված ուժերի ԳՇ պետերի համաժողովին: Համաժողովի հիմնական նպատակն էր տարածաշրջանային անվտանգության և կայունության, ինչպես նաև եվրատլանտյան ռազմական կառույցների հետ համագործակցության հարցերի քննարկումը:

ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հրամանատար, ծովակալ Ջեյմս Ստավրիդիսի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի, Ուկրաինայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Մոլդովայի, Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները:

Գեներալ-գնդապետ Խաչատուրովն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման շրջանակներում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցության հարցերին, ինչպես նաև Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության առկա սպառնալիքներին, հաղորդու է պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: