22 հուլիսի 2010 - 20:21 AMT
Ադրբեջանը կրկին անգամ հայկական կողմին մեղադրել է ադրբեջանական տարածքների «օկուպացման» մեջ

Հուլիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցն առաջացրել է ադրբեջանական լրատվամիջոցների «վրդովմունքը»: Այդ մասին ասվում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության` PanARMENIAN.Net-ին ուղարկած մամլո հաղորդագրության մեջ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ պատճառն այն է, որ Սեյրան Օհանյանը խոսել է Հայաստան-ՀԱՊԿ, Հայաստան-ՆԱՏՕ, Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցության մասին, այսինքն` «այն ամենի, ինչն այդքան անհանգստացնում է հարևան պետության իշխանություններին»: Հարցազրույցում նախարարը ներկայացրել է սպառազինության ձեռքբերման և ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման այն առավելությունները, որոնք, որպես ՀԱՊԿ անդամ, ունի Հայաստանը:

Հաղորդագրության համաձայն, Սեյրան Օհանյանը քննադատել է հարևան պետության վարած քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանում ռազմական հավասարակշռության խախտմանը և սպառազինությունների մրցավազքին: Նշվել է նաև, որ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը իրական սպառնալիք է տարածաշրջանի կայունության ու խաղաղության համար:

Հարցազրույցը կամայականորեն մեկնաբանել է Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն` կրկին անգամ հայկական կողմին մեղադրելով ադրբեջանական տարածքների «օկուպացման» մեջ և նշելով, թե ԼՂ խնդրի խաղաղ կարգավորումը ձգձգվում է Հայաստանի ղեկավարության «օկուպացիոն» քաղաքականության հետևանքով:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հարկ է համարում հիշեցնել Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավարին և հարևան պետության պաշտպանական գերատեսչության խոսափողը հանդիսացող լրատվամիջոցներին, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բազմիցս հայտարարել է, որ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում և քաջածանոթ է ԼՂ խնդրի կարգավորման շուրջ միջազգային կառույցների ընդունած բանաձևերին:

Հաղորդագրության համաձայն, ՀՀ պաշտպանության նախարարությունն Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուին կոչ է անում անպատասխանատու ռազմատենչ հայտարարություններ, պատերազմի սպառնալիքներ ու ապատեղեկատվություն տարածելով չսրել իրավիճակը: «Նման գործելաոճը ոչ միայն չի համապատասխանում բանակցային գործընթացի ոգուն, խոչընդոտում է ԼՂ հակամարտության կարգավորմանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, այլև հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության պատճառ է դառնում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը շեշտում է, որ իրականությանը չի համապատասխանում նաև ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն լուրը, թե ՀՀ պաշտպանության նախարարի հարցազրույցի ամբողջական տեքստը հանվել է «Ինտերֆաքս» գործակալության կայքից: Սեյրան Օհանյանի հարցազրույցը ի սկզբանե տեղադրված է եղել «Ինտերֆաքս-Ռազմական նորությունների գործակալություն» կայքում: