23 հուլիսի 2010 - 13:06 AMT
ՀՀ ԿԲ. Գնաճը Հայաստանում կնվազի կանխատեսվածից ավելի արագ տեմպերով

ՀՀ ԿԲ խորհրդի նիստին նշվել է, որ հունիսի վերջի դրությամբ առկա հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների միտումները համընկել են եռամսյակային կանխատեսումների ուղղություններին, այդուհանդերձ արձանագրվել են շեղումներ արագության առումով: Տարեսկզբից դրամավարկային պայմանների շարունակական խստացումը, հումքային և պարենային ապրանքների միջազգային գների նվազումը, 2009 թ. իրականացրած դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների ընդլայնողական ազդեցության աստիճանական մարումը հանգեցրել են 12-ամսյա գնաճի կանխատեսվածից ավելի արագ տեմպերով նվազմանը, սակայն այն դեռևս գերազանցում է նպատակային միջակայքի վերին սահմանը:

Ըստ պաշտոնական վիճակագրության, 2010 թ. հունիսին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.8% գնանկում, որի պարագայում 12-ամսյա ցուցանիշը նվազել է նախորդ ամսվա նույն ցուցանիշի նկատմամբ 0.5 տոկոսային կետով` կազմելով 5.8%: Վերջինս շուրջ 1 տոկոսային կետով ցածր է ԿԲ կողմից կանխատեսված գնաճի ցուցանիշից: Պարենային ապրանքների գները նվազել են 1.2%-ով (նպաստումը գնաճին -0.7 տոկոսային կետ), ոչ պարենային ապրանքների գները` 0.9%-ով (նպաստումը գնաճին -0.1 տոկոսային կետ), իսկ ծառայությունների սակագներն աճել են 0.1%-ով (նպաստումը գնաճին 0.03 տոկոսային կետ): Հունիսին արձանագրված գնանկումը հիմնականում պայմանավորվել է «բանջարեղեն և կարտոֆիլ», «միրգ», «շաքար», «ձու» ապրանքախմբերի և բենզինի և դիզելային վառելիքի գների նվազմամբ, որոնց ընդհանուր նպաստումը գնանկմանը կազմել է 0.8 տոկոսային կետ:

2010 թ. հուլիսի 13-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էինª ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը, խորհրդի անդամներ Ամալյա Սարիբեկյանը, Ահարոն Չիլինգարյանը, Անդրանիկ Նորեկյանը, Վախթանգ Աբրահամյանը: