ՀՀ ԳԱԱ-ն ցավակցություն է հայտնել ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի մահվան կապակցությամբ

ՀՀ ԳԱԱ-ն ցավակցություն է հայտնել ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի մահվան կապակցությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան խոր ցավակցություն է հայտնել իր անդամի` ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին` գիտնականի մահվան կապակցությամբ:

«Մեծ ու ծանրակշիռ են նրա վաստակը և հետևողական ջանքերը գիտության կազմակերպման, հայրենի գիտությունը համաշխարհային գիտության բարձր մակարդակին հասցնելու գործում: Պսակային և ուղեղային արյան շրջանառության ֆիզիոլոգիայի և ֆարմակոլոգիայի բնագավառում կատարված նրա հետազոտություններն ունեն կարևոր նշանակություն ֆիզիոլոգիայի և բժշկության համար: Էմիլ Գաբրիելյանը համընդհանուր ճանաչման արժանացած ականավոր բժիշկ-գիտնական էր, առողջապահության և կրթության հմուտ կազմակերպիչ, պետական և հասարակական գործիչ: Ավելի քան տասներկու տարի աշխատելով ԳԱԱ փոխպրեզիդենտի պաշտոնում` նա` որպես լայնախոհ մտավորական-գիտնական, մեծ դեր կատարեց ճանաչման արժանացած գիտական դպրոցները պահպանելու, Գիտությունների ազգային ակադեմիան արդի պահանջներին համահունչ դարձնելու գործում: Նա մշտապես կապված մնաց իրեն հարազատ գիտության կաճառի հետ: Մեր գործընկերոջ, մեծ մարդու, հայրենասերի և գիտնականի կերպարը լավագույն օրինակ կհանդիսանա հետագա սերունդների համար»,- ասվում է ցավակցական հեռագրում:

Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանը մահացավ ԱՄՆ-ում հուլիսի 20-ին` կյանքի 79-րդ տարում: Նա ավելի քան 400 գիտական աշխատանքների հեղինակ է, զբաղեցրել է հանրապետության առողջապահության նախարարի, Գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահի, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնները, հանդիսացել «Արմենիկում» նախագծի ղեկավարը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---