26 հուլիսի 2010 - 14:10 AMT
«Հազարամյակի մարտահրավեր» -Հայաստան» հիմնադրամի ծրագիրն Արմավիրի մարզում կավարտվի 2011 թվականի մայիս-հուլիսին

Հուլիսի 26-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը այցելեցին մի շարք տեղամասեր Արմավիրի մարզում: Այցի նպատակն էր ծանոթանալ ոռոգման ենթակառույցների գծով ընթացող շինարարական աշխատանքների առաջընթացին, ֆերմերների աջակցության ծրագրերին, ինչպես նաև ոռոգման կառավարման մարմիններին տրամադրվող օժանդակությանը:

Այցելության առաջին կետը Ստորին Հրազդան մայր ջրանցքի վերանորոգված հատվածն էր Մերձավան համայնքում: Վերականգման աշխատանքների ավարտից հետո ջրանցքը կսպասարկի 36.000 շահառու Արմավիրի մարզում և Երևանում: Այցելության երկրորդ կանգառը Արտիմետ համայնքի վերանորոգված երրորդ կարգի ջրանցքն էր, որի վերականգնումից հետո Արտիմետ համայնքի 710 շահառու կօգտվի ոռոգման համակարգից: Հաջորդ կանգառը ֆերմեր Սիմոն Ջամալյանի ցուցադրական տնտեսությունն էր, որտեղ ՀՄՀ-Հայաստան ծրագրի Ջրից դեպի շուկա բաղադրիչի շրջանակներում ներկայացված են ոռոգման նոր տեխնոլոգիաները և բարձրարժեք գյուղատնտեսության փորձը: Վերջին կանգառն էր «Վաղարշապատ» Ջուր օգտագործողների ընկերությունը (ՋՕԸ), որը հանդիսանում է ՀՄՀ-Հայաստան ծրագրի Ոռոգման կառավարման կառույցների ինստիտուցիոնալ հզորացման ենթաբաղադրիչի շահառու: Տրամադրված աջակցությունը ներառում է ՋՕԸ-ների համար Կառավարման բարելավման պլանների մշակումը և իրականացումը, ֆինանսական կառավարման և հաշվապահական ծրագրերի, աշխարհագրական տեղեկատվական համակարգի ներդրումը, ինչպես նաև այդ համակարգերի կիրառման և օգտագործման նպատակով դասընթացների անցկացումը:

Արմավիրի մարզում կատարված ներդրումը ԱՄՆ կառավարության Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի (ՀՄԿ) և ՀՀ կառավարության միջև ստորագրված Համաձայնագրով (2006 թ.) Հայաստանի գյուղատնտեսության և ոռոգման ոլորտներին տրամադրվող 180 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորման կարևորագույն մասն է: Մինչ ծրագրի ավարտը` 2011թ. սեպտեմբեր, ՀՄՀ-Հայաստան ծրագրով նախատեսվում է վերանորոգել Հայաստանի ոռոգման 6 մայր ջրանցքների որոշ հատվածներ, 17 պոմպակայաններ, 5 ոռոգման ինքնահոս համակարգեր, կառուցել շուրջ 90 համայնքներում նոր ներտնտեսային ջրանցքներ և վերականգնել Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի որոշ հատվածներ:

Ծրագիրը նաև վերապատրաստում է շուրջ 45,000 ֆերմերի գյուղատնտեսության վարման առաջավոր փորձի ուղղությամբ, տեխնիկական օժանդակություն է տրամադրում ջուր մատակարարող ընկերություններին, ինչպես նաև 8,5 միլիոն դոլարի վարկ է տրամադրում ֆերմերներին և փոքր ագրոբիզնեսներին` ծրագրի նպատակներին համահունչ գործունեություն իրականացնելու համար:

Հանդիպման ավարտին Էջմիածնի Զվարթնոց շրջանում տեղի ունեցավ «Վաղարշապատ» ջրօգտագործողների ընկերության շնորհանդեսը «Ոռոգման կառավարման կառույցների ինստիտուցիոնալ ջանքերը» թեմայով: