26 հուլիսի 2010 - 17:25 AMT
Բակո Սահակյան. Էներգետիկան ԼՂՀ զարգացման ռազմավարական ուղղություններից մեկն է

Հուլիսի 24-ից 25-ը նախագահ Բակո Սահակյանն աշխատանքային այցով գտնվում էր հանրապետության Մարտակերտի և Շահումյանի շրջաններում:

Մարտակերտի շրջանում Բակո Սահակյանն այցելել է Մադաղիսի, Սարսանգի, «Թրղե-1» և կառուցվող «Թրղե-2» հիդրոէլեկտրակայաններ և տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին:

Հաթերք գյուղի մոտ տեղակայված դաշտային շտաբ-ճամբարում երկրի ղեկավարը խորհրդակցություն է հրավիրել հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման հարցերի շուրջ: Զեկույցներով հանդես են եկել ԿԱ արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ Կառլեն Պետրոսյանը և «Արցախ ՀԷԿ» ընկերության գործադիր տնօրեն Վահրամ Բեգլարյանը:

Նախագահը կարևորել է էներգետիկայի բնագավառը` այն համարելով մեր երկրի զարգացման ռազմավարական ուղղություներից մեկը, և ընդգծել այդ ոլորտում կադրերի պատրաստման հիմնախնդրի նշանակությունը` որպես դրա առաջընթացի ապահովման գրավական:

Նույն օրը նախագահն այցելել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածը: Արցախի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը կարևորել է հյուսիսային հատվածի նշանակությունը երկրի սահմանների անվտանգության ապահովման գործում, և ընդգծել, որ իշխանությունները այսուհետ ևս ամեն ինչ կանեն պաշտպանության բանակի մարտունակությունը բարձր պահելու համար: Երկրի ղեկավարը արժեքավոր նվերներ է հանձնել մի շարք սպաների և զինվորների:

Հուլիսի 25-ին նախագահ Սահակյանն այցելել է Շահումյանի շրջան և Քարվաճառ շրջկենտրոնում ծանոթացել իրականացվող շինարարական աշխատանքներին: Այնուհետև հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն: Բակո Սահակյանը նշել է, որ անհրաժեշտ է մշակել Քարվաճառ շրջկենտրոնում բնակարանաշինության նոր ծրագիր, որը դրական լիցք կհաղորդի քաղաքի զարգացմանը: Այդ համատեքստում նախագահը հատուկ ընդգծել է իրականացվող աշխատանքների բարձր որակի ապահովման անհրաժեշտությունը` նշելով, որ դրանք կլինեն իր անմիջական վերահսկողության ներքո:

Նույն օրը երկրի ղեկավարն այցելել է Մեծ և Փոքր Ալ լճերի ավազանը և ծանոթացել այնտեղ նախատեսվող մի շարք ծրագրերի նախագծերին:

Այնուհետև Ծար գյուղում Բակո Սահակյանը հանդիպել է համայնքի ներկայացուցիչների հետ, որից հետո այցելել այնտեղ գտնվող հանրապետական տոհմային կայան: Նախագահը նշել է, որ Շահումյանի շրջանի զարգացումը հանրապետության համար ունի ռազմավարական կարևորագույն նշանակություն: Այս համատեքստում Բակո Սահակյանը կարևորել է գյուղատնտեսության, հատկապես` անասնապահության զարգացումը, որի համար շրջանում առկա է հսկայական ներուժ:

Այցելությունների ժամանակ նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: