26 հուլիսի 2010 - 21:27 AMT
Պիտեր Սեմնեբի. ԵՄ-ն արդեն ունի ղարաբաղյան հիմնախնդրի կենսունակ լուծման ուրվագծերը

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ որևէ քվեարկություն կարող է տեղի ունենալ միայն երկար գործընթացից հետո: Այժմ անհրաժեշտ է պայմանավորվել կարգավորման գործընթացի զարգացման սկզբունքների մասին, որպեսզի բոլոր կողմերի համար երաշխիքներ ստեղծենք: Այդ մասին հայտնել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին:

Սեմնեբիի խոսքով, այդ սկզբունքներն արդեն երկու անգամ բավական հանգամանորեն հնչեցվել են գերագույն մակարդակով Մինսկի խմբի համանախագահների կողմից: «Ես կարծում եմ, որ դա շատ լավ հիմք է ղարաբաղյան կարգավորման համար, և Եվրոպական միությունը երկու կողմերին` Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հավատարիմ մնալ դրան»,- ասել է Պիտեր Սեմնեբին:

Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ արդյունավետությանը` Սեմնեբին նշել է, որ ԵՄ-ն նախկինի պես օժանդակում է Մինսկի խմբի գործունեությունը: «Կարծում եմ` միջազգային հանրության համար կարևոր է ցույց տալ Հայաստանին ու Ադրբեջանին, որ մենք նրանցից բարի կամքի ոգով բանակցությունների շարունակություն ենք ակնկալում, որպեսզի կարգավորենք այս հակամարտությունը: Մենք արդեն ունենք ղարաբաղյան հիմնախնդրի, ըստ իս, կենսունակ լուծման ուրվագծերը: Այժմ հարկավոր է պարզապես համոզել կողմերին ընդունել այդ սկզբունքները»,- նշել է նա:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և այն ղարաբաղյան հակամարտության հետ կապելու առիթով Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ այդ գործընթացների միջև պաշտոնական կապ չկա: Սակայն, նրա կարծիքով, միևնույն ժամանակ չի կարելի հերքել. ինչ էլ որ կատարվի այդ գործընթացներից մեկում, ազդում է վստահության մթնոլորտի վրա, և դա պետք է հաշվի առնել, հաղորդում է Ինտերֆաքսը: