27 հուլիսի 2010 - 14:44 AMT
Ալեքսանդր Բոժկոն հավատում է հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը

Հայաստանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոն հավատում է հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: «Հայաստանի հետ մեր հարաբերություններում մենք կարևորում ենք առաջին հերթին տնտեսական հարաբերությունները: 2005 թվականին ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև կազմել է 118 մլն դոլար, իսկ 2008-ին` 310 մլն դոլար: Ցավոք, ճգնաժամի պատճառով մենք 30-40 տոկոս անկում գրանցեցինք և այժմ աշխատում ենք վերացնել ճգնաժամի հետևանքները»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է դեսպանը:

Անդրադառնալով Ուկրաինայի մասնակցությանը ՎՈՒԱՄ-ին, Ալեքսանդր Բոժկոն ընդգծել է, որ Կիևի անդամակցությունն այդ կազմակերպությանը չի խանգարում նրան լավ հարաբերություններ պահպանել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ:

Մեկնաբանելով իր պաշտոնանկության մասին լուրերը, Ուկրաինայի դեսպանը հայտնեց, որ իր դիվանագիտական առաքելության ժամկետի սպառման կապակցությամբ նա կմեկնի Հայաստանից ընթացիկ տարվա սեպտեմբերին: