27 հուլիսի 2010 - 17:21 AMT
Սեյրան Օհանյանը հանդիպել է Աֆղանստանի պաշտպանության նախարար Աբդուլ Ռահիմ Վարդակի հետ

Հուլիսի 25-ին ՀՀ ԶՈՒ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Աֆղանստանի պաշտպանության նախարար Աբդուլ Ռահիմ Վարդակը և Աֆղանստանի ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Շեր Մուհամեդ Քարիմը: Հանդիպումների ժամանակ բարձր գնահատականի է արժանացել ՀՀ զորախմբի ծառայությունը Կունդուզում:

Միաժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարի խնդրանքով ներկայացվել է Աֆղանստանում տիրող ընդհանուր իրավիճակը: Մասնավորապես՝ նախարար Վարդակը նշել է, որ վերջին տարվա համեմատ դեպքերի և պատահարների աճը ունի նաև օբյեկտիվ պատճառներ, մասնավորապես՝ կտրուկ աճել է ԱՄԱԱՈՒ-ի և Աֆղանստանի անվտանգության ուժերի քանակը, որի շնորհիվ գործողություններ են իրականացվում այն վայրերում, որտեղ նախկինում դա հնարավոր չէր: Նա ավելացրել է, որ չնայած առկա բազում խնդիրներին, ըստ վիճագրական տվյալների, 2002թ. ի վեր Աֆղանստանում նաև միջազգային հանրության ջանքերով արձանագրվել է հասարակական-տնտեսական աճ, հայտնում է պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: