28 հուլիսի 2010 - 12:44 AMT
Ալեքսանդր Նալբանդով. Հաագայի դատարանն ընդգծեց «Կոսովոյի դեպքի» եզակի բնույթը

Կոսովոյի վերաբերյալ Միջազգային դատարանի որոշման մեջ խոսվում է միայն Կոսովոյի մասին և ընդգծվում է Կոսովոյի հակամարտության եզակի բնույթը: Այդ մասին Թբիլիսիում հայտարարեց Վրաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Նալբանդովը: Նա նշեց, որ Հաագայի դատարանի որոշումը խորհրդատվական բնույթ է կրում, ոչ թե պարտադիր: «Դատարանն իր որոշման մեջ ուղղակի ընդգծեց «Կոսովոյի դեպքի» եզակի բնույթը: Իսկ Վրաստանը օկուպացիայի ենթարկվեց և խոսել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ինքնավարությունների պահանջների իրավասության մասին կես միլիոն վրացի փախստականների առկայության դեպքում, ուղղակի անիմաստ է»,-ասել է փոխնախարարը:

Միևնույն ժամանակ Ալեքսանդր Նալբանդովը նշեց, որ ՄԱԿ-ի դատարանը դիտարկում է նման դեպքերը, ղեկավարվելով տարածքային ամբողջականության սկզբունքով, ոչ թե ազգերի ինքնորոշման իրավունքով: «Հաագայի դատարանը որոշում չի կայացնի Վրաստանի օկուպացված տարածքների անկախության հռչակման իրավասության մասին»,-գտնում է վրացի դիվանագետը, հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Թբիլիսիից: