28 հուլիսի 2010 - 14:19 AMT
Լեռնիկ Ալեքսանյան. Հաագայի դատարանի որոշումը կբացի ադրբեջանցիների աչքերը

Կոսովոյի վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումն, անշուշտ, դրական կանդրադառնա ղարաբաղյան հակամարտության վրա, սակայն, միևնույն ժամանակ, պետք չէ ակնկալել, որ դա զգալի ազդեցություն կունենա ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման վրա: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

Ըստ Ալեքսանյանի, չնայած նրան, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը խորհրդատվական բնույթ է կրում, այն կայացվել է իրավական տրամաբանության շրջանակներում: «Այդ դատավճիռը լավ հիմք է հանդիսանում ղարաբաղյան խնդիրը իրավական դաշտ տեղափոխելու համար: Այս որոշումը վերջապես կբացի ադրբեջանցիների աչքերը և նրանք կհասկանան, որ ղարաբաղյան խնդիրը կարելի է լուծել իրավական դաշտում»,-ասել է Ալեքսանյանը

Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ պատգամավորը նշել է, որ հայկական կողմը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը հարմար պահի: «Պետք է հարց տալ, թե ի՞նչ արդյունք կտա ՀՀ կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը: Հայկական կողմը պետք է որպես հաղթաթուղթ պահի այդ քայլը Ադրբեջանի հետ հարաբերություններում և օգտագործի պատեհ պահի»,-ասել է ՀՀԿ ներկայացուցիչը: Ըստ նրա, Հայաստանը կարող է օգտագործել այդ հաղթաթուղթը միայն երկու դեպքում. Երբ ադրբեջանական կողմը վերսկսի ռազմական գործողությունները կամ միջազգային հարաբերություններում բարենպաստ պայմաններ առաջանան ԼՂՀ անկախության ճանաչման համար: