31 հուլիսի 2010 - 14:28 AMT
Տաթևի վանքի տարածքում գտնվող ձիթանը կսկսի գործել 2011 թվականի աշնանը

Տաթևի վանքի տարածքում գտնվող ձիթանը կսկսի գործել 2011 թվականի աշնանը: Այդ մասին լրագրողներին է պատմել ռեստավրատոր-ճարտարապետ Ամիրան Բադիշյանը Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի դեպի Տաթև կազմակերպած շրջայացի ժամանակ:

Ըստ նրա, այդ ծրագրի իրականացման շրջանակներում կատարվել են գնահատման և հետազոտական աշխատանքներ, որոնց արդյունքում ձիթանը մաքրվեց փլատակներից: Ձիթանը կառուցվել է Հովակիմ եպիսկոպոսի ջանքերով 18-րդ դարում: Իսկ 19-րդ դարի կեսերին Հայաստանի տարածքում կար 285 ձիթան, որից գործում էին 35-ը և արտադրում էին տարեկան 240 տոննա ձեթ: «Տաթևի ձիթանը հատուկ տեղ է զբաղեցնում այդ շարքում իր կուռ լուծմամբ և չափերով: Այն բավարարում էր բոլոր մոտակա գյուղերի բնակիչների պահանջարկը»,-ասել է նա: Այս ձիթանի երկրորդ առանձնահատկությունն այն է, որ արտաքնապես այն այդքան էլ գրավիչ չէ, սակայն նրա ներքին կառուցվածքը լիովին համապատասխանում է հայ ճարտարապետական մտքի լավագույն ավանդույթներին: Նրա հիմնական մասը գմբեթաձև սենյակ է, որտեղ կա բովարան և աղալու սարք: Հարակից կա ևս երկու սենյակ, որտեղ քամվում էր ձեթը և որտեղ հայտնաբերվել են հողի մեջ թաղված կավե կարասներ: Յուրաքանչյուր կարասի տարողությունը 70 լիտր է: Ձեթի ստացման համար օգտագործում էին կտավատի և քունջութի սերմեր:

Մասնագետը հայտնեց նաև, որ առաջիկա տարում նախատեսվում է լիովին վերականգնել ձիթարանի մեխանիզմը, ինչպես նաև գործարկել այն, ինչը մեծ ջանքեր կպահանջի: «Նման ժառանգություն ունենալով, պետք է գոնե մեկ գործող ձիթարան ունենալ»,-հավելել է նա:

Անդրադառնալով տարածաշրջանում ձեթի արտադրության պատմությանը` Ամիրան Բադիշյանն ասել է, որ ըստ ռուս պատմաբան ու ազգագրագետ Իվան Շոպենի, 19-րդ դարում Հայստանի տարածքում 3-4 անգամ շատ ձիթաններ կային, քան հարևան Վրաստանի ու Ադրբեջանի տարածքներում միասին վերցրած: «Վրաստանի ու Ադրբեջանի բոլոր ձիթանները պատկանում էին հայերին, որոնք ձեթի արտադրության մենաշնորհ ունեին»,-հավելել է նա: