31 հուլիսի 2010 - 16:36 AMT
Ձերբակալվել է Կիևի գործարար Շաբաբ Ալոյանի սպանության հավանական պատվիրատուն

Ձերբակալվել է Կիևի «4room» կահույքի կենտրոնի համատեր, գործարար Շաբաբ Ալոյանի սպանության հավանական պատվիրատուն: ՆԳՆ քրեական հետախուզության վարչության պետ Վալերի Լիտվինը հայտարարել է, որ Մեհրաբ Սուսլովի որոնման և ձերբակալման գործողությունը տևել է մի քանի ամիս: Մ. Սուսլովը սպանված գործարարի կնոջ ազգականն է: «Մեր օպերատիվ խումբը մեկնել էր Ռուսաստան, որտեղ համագործակցել է ռուս գործընկերների հետ: Սպանության կազմակերպման մեջ մեղադրվողի տեղը բավականին արագ է պարզվել: Նրա վրա հսկողություն է սահմանվել, նրան հետևել և գրանցել են նրա յուրաքանչյուր քայլը, սակայն մինչև որոշակի պահի ձերբակալել չեն կարողացել: Նա Ռուսաստանի քաղաքացի էր, հետևաբար, ըստ ՌԴ օրենքի, այդ երկիրը հանցագործության մեջ մեղադրվող իր քաղաքացիներին իրավունք չունի Ուկրաինային հանձնելու: Սակայն հետո պարզվում է, որ Մեհրաբը Ռուսաստանի քաղաքացիություն ստացել է անօրինական ճանապարհով, և մենք սպասում էինք, թե ՌԴ դատարանը նրան երբ է զրկելու քաղաքացիությունից: Հենց որ դա արվեց, անմիջապես Կազանում, որտեղ նա թաքնվում էր, նրա ձերբակալման գործողությունն իրագործվեց», - պատմում էր Լիտվինը: Ուկրաինայի ՆԳ նախարարի գլխավոր խորհրդական Կոնստանտին Ստոգնին, իր հերթին, հայտարարել է, որ կասկածյալը պետք է տարվի Ուկրաինա 30-40 օրվա ընթացքում:

Ալոյանին 2009 թ. հոկտեմբերին սպանել էին երկու վարձու մարդասպաններ` կահույքի կենտրոնի շենքում: Մարդասպաններից մեկը վիրավոր լինելով, չի կարողանում իր փախուստի մեքենան վարել և հեռանալ սպանության վայրից ու խանութից ոչ հեռու ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահանում է: Երկրորդ մարդասպանը, որ Ռուսաստանի քաղաքացի էր, ձերբակալվում է մի քանի օր անց` Ժիտոմիրի մարզում:

Դեպքից հետո Ռուսաստան է մեկնում ՆԳՆ հատուկ խումբը, որը պետք է հայտնաբերեր սպանության պատվիրատուին: Այն ժամանակ ՆԳ նախարար Յուրի Լուցենկոն հայտարարել էր, որ սպանության պատվիրատուն կարող է լինել Ալոյանի ազգական, Հայաստանի բնակիչ ոմն Մեհրաբ Սուսլովը: Սուսլովի ու զոհված գործարարի միջև վեճ էր ծագել կահույքի կենտրոնի կառուցման պատճառով: Պատճառաբանվում է, որ իբր Մեհրաբը մեծ գումար էր (ըստ լուրերի` մոտ 20 մլն դոլար) ներդրել այդ գործի մեջ, իսկ հետո պահանջել էր հետ վերադարձնել իր գումարը: Մերժվելով, Սուսլովը ծայրահեղ միջոցի է դիմել: Ներկայում գլխավոր դատախազությունը պատրաստում է կասկածյալի վտարման փաստաթղթերը: Հենց որ նրան Ուկրաինա տեղափոխեն, նրան արդեն քննիչները կհարցաքննեն, գրում է forUm-ը: