31 հուլիսի 2010 - 17:44 AMT
Վերապատրաստման ծրագրի շրջանակներում Հայաստանում գտնվող սփյուռքահայ ուսուցիչները այցելել են ՀՀ սփյուռքի նախարարություն

Հուլիսի 30-ին ՀՀ սփյուռքի նախարարություն այցելեցին 2010 թվականի վերապատրաստման ծրագրի շրջանակներում Հայաստանում գտնվող սփյուռքահայ ուսուցիչները:

Ուսուցիչների վերապատրաստման ծրագիրն իրականացվում է 2000 թվականից և հետզհետե ընդլայնում է աշխարհագրությունը: Այս տարի ծրագրին մասնակցում է 16 երկրներից եկած 83 ուսուցիչ: Նախորդ տարվա համեմատ, ավելացել է մասնակից երկրների թիվը, ընդգրկվել են նոր տարածաշրջաններ:

«Բարով եք եկել ձեր տուն», - ասել է տիկին Հրանուշ Հակոբյանը` ողջունելով ուսուցիչների այցը ՀՀ սփյուռքի նախարարություն: Այնուհետև նախարարը ներկայացրել է Հայաստան-սփյուռք գործակցության պետական քաղաքականության հիմնական սկզբունքները, անդրադարձել է հայապահպանության, սփյուռքի հայկական ներուժի համախմբման և հայրենադարձության բնագավառում նախարարության ձեռնարկած քայլերին:

Նախարարը կարևորել է սփյուռքի հայ համայնքների համար ուսուցիչներ պատրաստելու և վերապատրաստելու հարցը` ընդգծելով երիտասարդների հետ ակտիվ աշխատելու անհրաժեշտությունը:

Սփյուռքահայ ուսուցիչները դիտել են ՀՀ սփյուռքի նախարարության մեկ տարվա գործունեության, ինչպես նաև «Արի տուն» ծրագրի մասին պատմող տեսահոլովակներ:

Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է նաև ուսուցիչների հարցերին: Այս մասին հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը: