2 օգոստոսի 2010 - 15:32 AMT
Ստեփան Սաֆարյան. Քննարկելով Ղարաբաղի հարցը, ՆԱՏՕ-ի ԽՎ-ն օրինականացնում է Ադրբեջանի պատերազմ սկսելու ձգտումը

Ադրբեջանը ցանկանում է հասնել ղարաբաղյան խնդրի քննարկմանը ՆԱՏՕ-ի ԽՎ-ում, որպեսզի առաջ մղի իր պատկերացումները տարածքային ամբողջականության մասին: Այս մաիսն այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Ըստ Սաֆարյանի, այդ քայլով Ադրբեջանը երկու նպատակ է հետապնդում. Օգտագործել ադրբեջանամետ բանաձևերը լրացուցիչ ճնշման համար այն դեպքում, եթե հանկարծ միջազգային ուժային կենտրոնները ստիպեն հայկական կողմին զիջումների գնալ ղարաբաղյան խնդրում կամ նման փաստաթղթերի միջոցով օրինականացնել հնարավոր պատերազմական գործողությունները: «Հայկական կողմը այժմ պետք է ակտիվ աշխատի, զրկելու համար Ադրբեջանին միջազգային կառույցներում իր նպատակներն իրագործելու հնարավորությունից: ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը պետք է նաև գրավոր դիմի ՆԱՏՕ-ի ԽՎ հանձնաժողովներին, որպեսզի վերջիններս ձեռնպահ մնան ղարաբաղյան հարցի քննարկումներից»,-ասել է նա:

Ստեփան Սաֆարյանը հավելեց նաև, որ եթե ՆԱՏՕ-ի ԽՎ-ն ականջալուր չլինի հայկական կողմի կոչերին, ապա նա պետք է պատասխանատվություն կրի Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններն օրինականցնելու համար: «Իսկ եթե Ղարաբաղի հարցը քննարկվի ՆԱՏՕ ԽՎ-ում, ապա Հայաստանը պետք է շատ ակտիվ աշխատի զեկուցողների հետ: Մենք չէինք մտահոգվի այդ ադրբեջանական նախաձեռնության համար, եթե ժամանակին հայկական կողմը թույլ չտար, որ ԵԽ Ղարաբաղի վերաբերյալ 1416 բանաձևում ադրբեջանամետ ձևակերպումներ ընդգրկվեին, քանի որ նման բոլոր բանաձևերը հղում են կատարում նախորդների վրա»,-ասել է Ստեփան Սաֆարյանը: