2 օգոստոսի 2010 - 16:26 AMT
Ստեփան Սաֆարյան. «Ադրբեջանն իր իսկ հյուսած «թակարդն» է ընկել»

Հաագայի դատարանի որոշումից հետո նկատելիորեն աճեցին Ադրբեջանի ռազմատենչ ելույթները: Ադրբեջանն ընկել է իր իսկ հյուսած «թակարդը»: Ղարաբաղյան հիմնախնդիրը բնութագրելով որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտություն, ադրբեջանական կողմը ռազմական գործողությունների վերսկսման դեպքում մարտնչելու է ոչ միայն Հայաստանի, այլև ՀԱՊԿ-ի դեմ: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Նրա խոսքերի համաձայն, Ադրբեջանն արդեն պետք է մտածի ոչ թե այն մասին, թե ինչպես հաղթի Հայաստանին սպառազինության մրցավազքում, այլ թե ինչպես գերազանցի ռուսական բանակի մարտունակությանը:

Խոսելով տարածում գտած այն լուրերի մասին, ըստ որոնց Ռուսաստանը Ադրբեջանին պատրաստվում է պաշտպանական С-300 համալիր վաճառել, նա ասել է, որ Ռուսաստանը մի կողմից` Ադրբեջանին զենք է վաճառում, մյուս կողմից` Հայաստանի հետ ռուսական ռազմակայանների մասին պայմանագրում փոփոխությունների վերաբերյալ արձանագրություն ստորագրում, դրանով անվտանգության երաշխիքներ տալով Հայաստանին: «Այսպիսի իրավիճակում Ռուսաստանն ուզում է շահ ունենալ», - ընդգծել է Ստեփան Սաֆարյանը: