Հայաստանյան մաքսային համակարգը ստեղծում է սեփական կինոլոգիական կենտրոն

PanARMENIAN.Net - Հայաստանյան մաքսային համակարգը ստեղծում է սեփական կինոլոգիական կենտրոնը: Հեղինակավոր աշխատանքի են շտապել արտասահմանից ժամանած մասնագետ-շները: Իսկ նրանք հասարակ շներ չեն. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն նախապատվությունը տալիս է հատուկ կուրսեր անցած և վերապատրաստված շներին: Մաքսավոր-խուզարկուները հատուկ վերապատրաստում են անցել Լեհաստանի ոստիկանությանը պատկանող կինոլոգիայի դպրոցում, որը 50 տարվա պատմություն ունի և հայտնի է բարձրակարգ մասնագետներով:

ՀՀ ՊԵԿ այս քայլը մաքսային ծառայության համակարգի հերթական բարեփոխումն է, որն ուղղված է արդյունավետ հսկողական մեխանիզմների կատարելագործմանը: Դեռևս Հայաստան կատարած այցի ժամանակ Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան ընդգծել էր, որ մտադիր են տարածաշրջանում հենց Հայաստանը դարձնել օրինակելի պետություն, և մաքսային ընթացակարգերի բարեփոխման ոլորտում նրա ձեռք բերած փորձը ներկայացնել մյուս երկրներում: Կ. Միկուրիան նկատել է, որ հայաստանյան մաքսային ծառայության ղեկավարությունը մեծ ցանկություն ունի կատարելագործելու և' մաքսային ընթացակարգերը, և' հսկողական մեխանիզմները` շարունակելով դրանք համապատասխանեցնել միջազգային չափանիշներին:

«Մեր երկրի մաքսային ծառայությունում աշխատելու ցանկություն ունեցող շները վերապատրաստումից հետո լիրաժեք պատրաստ են անցնելու ծառայության տարբեր մաքսատներում»,- լրագրողներին հայտնել է ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության կինոլոգիական խմբի ղեկավար Կարեն Հակոբյանը:

Պետեկամուտների կոմիտեն, բնականաբար, արել է հնարավորը` խուզարկու շներին արժանավայել պայմաններում դիմավորելու համար: Պակաս կարևոր չէ նաև շների տերերի` հայ կինոլոգների վերապատրաստումը, ինչը ևս կատարվել է միջազգային չափանիշներին համապատասխան: Մաքսավոր-կինոլոգները ևս Լեհաստանում են վերապատրաստվել` յուրաքանչյուրն իր շան հետ:

ՊԵԿ համակարգում աշխատանքի անցնող շները մասնագիտացել են հիմնականում թմրանյութ հայտնաբերելու ուղղությամբ: Հետագայում մաքայինի կինոլոգիական կենտրոնը կունենա նաև պայթուցիկ հայտնաբերող շներ: Կինոլոգիական խմբի ղեկավարի տվյալներով` Լեհաստանում շների վարժեցումն ընթացել է լավագույն տեխնիկայով զինված մարզասրահում` հարմարեցված հատուկ շների համար:

Մինչ դասընթացը յուրաքանչյուր շուն հատուկ փորձություն է անցել, ինչի միջոցով որոշվել է նրա առողջական վիճակը, մաքսայինում ծառայելու ունակությունների մակարդակը: Փորձությունից հետո աչքի ընկած ապագա մասնագետներն անուն են ստացել և գրանցման հատուկ համար: Վերապատրաստումն ընթացել է եղանակային տարբեր պայմանների համար հարմարեցված տարածքում, որը հագեցած է եղել անգամ շների լոգարանով:

Դասընթացի ավարտին և’ կինոլոգներին, և’ մասնագետ-շներին տրվել է համապատասխան որակավորման վկայական, որը համապատասխանում է NATO–ի` Հյուսիսատլանտյան դաշինքի չափանիշներին: Այս մասին հաղորդում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---