4 օգոստոսի 2010 - 17:55 AMT
Դավիթ Պետրոսյան. «Պատերազմի դեպքում ռուսական զորքը ԼՂՀ-ն չի պաշտպանի»

Հայաստանի տարածքում տեղակայված Ռուսաստանի ռազմական բազայի մասին պայմանագրում փոփոխություններ մտցնելը ռուսական կողմի յուրօրինակ փոխհատուցումն է` Ադրբեջանին С-300 պաշտպանական համալիրի հնարավոր վաճառքի փոխարեն: Այսպիսով, Ռուսաստանն ուզում է պահպանել տարածաշրջանում գոյություն ունեցող ռազմաքաղաքական հավասարակշռությունը: Այս մասին ԱԺ արտաքին քաղաքականության հարցերով նոր ձևավորվող հանձնաժողովի նիստի ընթացքում ասել է քաղաքական մեկնաբան Դավիթ Պետրոսյանը:

Փորձագետը նշել է, որ ռազմական բազայի մասին պայմանագրում փոփոխությունը հակասում է Ադրբեջանին պաշտպանական համալիր վաճառելու Ռուսաստանի մտադրությանը:

Ըստ Պետրոսյանի, ռազմաբազայի մասին պայմանագրի այն դրույթը, որի համաձայն ռուսական զորքերը պաշտպանելու են ոչ միայն Ռուսաստանի շահերը, այլև Հայաստանի տարածքը, չի գործի Ղարաբաղում պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում: «Ռուսական զորքերը չեն պաշտպանի ԼՂՀ-ն, քանի որ Ռուսաստանն այդ տարածքը պաշտոնապես համարում է Ադրբեջանի մի հատված», - ասել է նա:

Անդրադառնալով Հայաստանում ռուսական բազայի արդյունավետությանը, քաղաքական մեկնաբանը նշել է, որ այն ավելի քաղաքական նշանակություն ունի, քան ռազմական: «Ռուսական զորքը, որի թիվը 5000-ից ավելի չէ, իրականում ի վիճակի չէ ռազմական խնդիրներ լուծելու, այդ թվում նաև ընդդեմ Թուրքիայի», - նշել է փորձագետը: