4 օգոստոսի 2010 - 18:22 AMT
Սեպտեմբերի 3-5-ը Երևանում կանցկացվի «ARMENIA EXPO 2010» առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը

LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը և ՀԱԳՄ (Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը) սեպտեմբերի 3-5-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացնի «ARMENIA EXPO 2010» տասներորդ ունիվերսալ տարածաշրջանային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը:

«ARMENIA EXPO 2010»` իրավամբ համարվում է ամենախոշորը տարածաշրջանում, որի անցկացման ծավալները և իրական նշանակությունը դժվար է չգնահատել: Ի տարբերություն այլ նմանատիպ միջոցառումների, որոնք նեղ մասնագիտացված են և լիովին պատկերացում չեն տալիս Հայաստանի ողջ արդյունաբերական ներուժի մասին, «ARMENIA EXPO»-ն ընդգրկում է գրեթե բոլոր ոլորտները:

Այս ցուցահանդեսը ամեն տարի լայն հնարավորություն է տալիս մասնակից ձեռնարկություններին ներկայացնելու նոր տեխնոլոգիաներ, համակարգեր և բաղադրամասեր, ինչպես նաև նորագույն լուծումներ` արդյունաբերության տարբեր ոլորտներում:

Միջոցառմանը մասնակցելու են ավելի քան 150 տեղական և օտարերկրյա կազմակերպություններ, ընկերություններ և միություններ:

Ցուցահանդեսային ֆորումը կանցկացվի ՀՀ կառավարության աջակցությամբ: Այս մասին հաղորդում է LOGOS EXPO Center –ի մամլո ծառայությունը: