4 օգոստոսի 2010 - 20:06 AMT
Հայաստանում 2010 թ. խաղողի բերքը կգերազանցի անցյալ տարվա 7000 տոննա ցուցանիշը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր այցելեց Արարատի մարզ և մարզպետարանում համայնքների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն: Հաշվի առնելով գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջանը` փոխվարչապետին տեղեկատվություն ներկայացվեց ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արտադրված գյուղատնտեսական ապրանքների և դրանց իրացման ծավալների վերաբերյալ: Քննարկվեցին Արարատի մարզում խաղողի բերքի ակնկալվող քանակի և մթերման գործընթացի կազմակերպման հետ կապված հարցեր: Անդրադարձ կատարվեց մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման առաջին կիսամյակի արդյունքներին:

Փոխվարչապետն ընդհանուր առմամբ դրական գնահատեց մարզում սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը, սակայն ներկաների ուշադրությունը հրավիրեց այն համայնքների ցուցանիշների վրա, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ այս տարի ավելի ցածր կատարողական են ապահովել` հորդորելով առավելագույն ջանքեր գործադրել ցուցանիշները բարձրացնելու ուղղությամբ:

Այնուհետև Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Տավուշի, Վայոց Ձորի մարզպետների, ՀՀ ՏԿ փոխնախարար Ա. Բախշյանի, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ս. Գալստյանի մասնակցությամբ քննարկվեցին նշված մարզերում խաղողի ակնկալվող բերքի, ինչպես նաև մթերման գործընթացներն առավելագույն արդյունավետ կազմակերպելու հետ կապված հարցեր: Մասնավորապես` հանձնարարվեց, որ մարզպետարանները` ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ մթերող կազմակերպությունների հետ ակտիվ աշխատանքներ տանեն` 2010 թ. խաղողի բերքի մթերման քանակի և ժամկետների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները հստակեցնելու ուղղությամբ: Մարզպետարանների և ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացրած տեղեկատվության համաձայն` նախորդ տարվա համեմատ այս տարի շուրջ 7000 տոննայով ավելի խաղողի բերք է ակնկալվում: Այս մասին հաղորդում է տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունը: