5 օգոստոսի 2010 - 17:55 AMT
Թուրքիայի դեմ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների դատական հայցը քաղաքական ենթատեքստ ունի

Ամերիկյան դատարանը չի կարող Թուրքիային պատասխանատվության ենթարկել, սակայն կարող է հասնել այն բանին, որ թուրքական կառավարությունը փոխհատուցի ԱՄՆ հայազգի քաղաքացիների նախնիների գույքի կորուստը: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին` ասել է միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանը: Նրա խոսքերի համաձայն, ԱՄՆ դաշնային դատարանը միջազգային դատական կառույց չէ: « Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգորդների դատական հայցի դեպքում, որոնք Թուրքիայից պահանջում են իրենց ծնողների կորցրած գույքի փոխհատուցում, դատավորը կփորձի պաշտպանել Ամերիկայի հայազգի քաղաքացիների շահերը», - ասել է փորձագետը: Նա վստահություն է հայտնել, որ այդ հարցով դատարանի որոշումը կարող է լիարժեք և վերջնականապես լուծել Հայոց ցեղասպանության ժամանակ հայերին հասցրած կորստի փոխհատուցման խնդիրը:

Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ ամերիկահայերի նախաձեռնած դատական գործընթացը բավականին բարդ է: «Մ.Նահանգների 9-րդ շրջանային վճռաբեկ դատարանի որոշումը, որով Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին արգելվում է օտարերկրյա ընկերությունների դեմ դատական հայց ներկայացնել, դժվարացնում է փաստաբանների աշխատանքը: Բացի այդ, Թուրքիայի կառավարությունը` որպես պետական մարմին, անձեռնմխելի է, ինչն այդ գործի համար նոր դժվարություններ է առաջացնում», - ասել է փորձագետը: Նա վստահություն է հայտնել, որ դատարանն անպայման կվերանայի Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների հայցը, իսկ թուրքական կողմն, իր հերթին, ամեն կերպ կփորձի խոչընդոտել դրան:

Վլադիմիր Վարդանյանի կարծիքով, այդ դատական հայցն արդեն քաղաքական ենթատեքստ ունի: «Անձամբ ինձ համար` որպես Ցեղասպանության ժառանգորդի, ավելի կարևոր է բարոյական ու քաղաքական բավարարվածությունը, քան նյութական փոխհատուցումը», - ասել է Վարդանյանը:

ԱՄՆ-ում բնակվող Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները Թուրքիայի կառավարությանն ու թուրքական երկու խոշոր բանկերի դատի են տվել: Մ.Նահանգների հայազգի փաստաբանները հայց են ներկայացրել դաշնային դատարանին`Թուրքիայի կառավարությունից և Թուրքիայի ԿԲ-ից ու Ziraat Bankasi-ից պահանջելով Ցեղասպանության զոհերի ժառանգներին փոխհատուցել Օսմանյան կայսրությունում կորցրած գույքի դիմաց: Փաստաբանները ձգտելու են այդ հարցի առնչությամբ ձեռք բերել խմբակային հայցի կարգավիճակ, սակայն միևնույն ժամանակ, ընդգծում են, որ այդպես դատական գործընթացը կարող է երեք տարուց ավելի երկարաձգվել: