Լալա Մնացականյան. Ռեժիսորների ու սցենարիստների անգրագետ աշխատանքի արդյունքում տուժում են դերասանները

PanARMENIAN.Net - «Սերիալները տաղանդավոր դերասանների համար ճանաչված դառնալու լավ հնարավորություն է»,- օգոստոսի 9-ին կայացած մամլո ասուլիսում ասել է ռեժիսոր Աննա Հեքեքյանը: Նրա խոսքով, տաղանդավոր դերասանները կարող են տարիներ շարունակ խաղալ թատրոնում, բայց ճանաչված չլինել: Իսկ մասնակցությունը սերիալներին` անգամ էժանագին, նրանց հնարավորություն է ընձեռում ճանաչում ձեռք բերել բնակչության շրջանում: «Բացի դրանից, թատրոնում աշխատավարձը շատ ցածր է, իսկ սերիալները եկամուտի լավ միջոց են: Եվ եթե դերասանը ցանկանում է թատրոնում խաղալ, նա ստիպված է նկարահանվել սերիալներում»,- ավելացրել է Աննա Հեքեքյանը: Սակայն, ռեժիսորի խոսքով, սերիալներում դերասանը չի կարող իսկապես իրեն դրսևորել ու ցույց տալ իր տաղանդը. «Դուք ճանաչում եք Լալա Մնացականյանին, որը նկարահանվում է սերիալներում: Բայց դուք ճանաչում եք նաև այն Լալային, որը ներկայացնում է իր մոնոներկայացումը, որը միջազգային մրցանակի է արժանացել: Այդ մոնոներկայացման ժամանակ դուք ձեր համար կբացահայտեք Լալա Մնացականյան դերասանուհուն, իսկ սերիալում Լալան չէ»:

Հայաստանի վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանն իր հերթին, խոսելով սերիալների մասին, նշել է, որ յուրաքանչյուր դերասան պահանջարկի հետևից է շարժվում, և դա բնական է: Այլ հարց է, որ այդ սերիալները ֆինանսավորում են մարդիկ, որոնց ճաշակը բավականացնում է միայն գողական կռիվներին, ժարգոնին ու բռնությանը, և այդ ամենը վերագրվում է հեռուստադիտողի պահանջներին: Սերիալների հենց այդպիսի ընկալումն է պարզեցրել ու արժեզրկել դերասանական արվեստ: Նա ավելացրել է նաև, որ ռեժիսորների ու սցենարիստների անգրագետ աշխատանքի արդյունքում տուժում են դերասանները, որոնց հասցեին է ուղղվում սերիալների հետ կապված ողջ բացասական վերաբերմունքը:

«Սակայն պատահում է, որ հեռուստադիտողները չեն ցանկանում ցածրորակ սերիալներ դիտել և հաճախ են արտահայտում իրենց դժգոհությունն այդ առիթով: Նրանց բողոքը, սերիալների որակի հարցի բարձրացումը ԶԼՄ-ներում այդ խնդրի միակ արդյունավետ լուծումն է, ուստի հարկավոր է մշտապես սրել ուշադրությունն այդ խնդրի վրա»,- նշել է Լալա Մնացականյանը: Դերասանուհին ավելացրել է նաև, որ ուսուցանելով երիտասարդ դերասաններին, ինքը, նախ և առաջ, նրանց սովորեցնում է չհանձնվել, կարողանալ մնալ հաջողության գագաթին, իսկ այնտեղից ընկնելով` չհուսահատվել, այլ առաջ գնալ ու նոր բարձունքներ հաղթահարել: «Տաղանդի առկայության հետ մեկտեղ այդ բնավորությունը նույնպես շատ կարևոր է դերասանի համար»,- նշել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսորը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---