Ռուսաստանն Ադրբեջանին չի վաճառի C-300 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համալիրներ

Ռուսաստանն Ադրբեջանին չի վաճառի C-300 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համալիրներ

PanARMENIAN.Net - «Չեմ կարծում, որ Ռուսաստանը կգնա նման քայլի, ինչպիսին Ադրբեջանին C-300 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համալիրների վաճառքն է, քանի որ Մոսկվայում չեն ցանկանում սրացնել ղարաբաղյան հակամարտությունը: Դա պետք է հստակ գիտակցել»,- հայտարարել է Ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը` մեկնաբանելով մինչ օրս չդադարող լուրերն Ադրբեջանի կողմից 300 մլն դոլար արժողությամբ C-300 զենիթահրթիռային համալիրներ ձեռք բերելու մասին:

«Եթե այդ գործարքն ամեն դեպքում կայանա, ապա այդ զենիթահրթիռային համալիրները լիովին կկարողանան փոխել Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև ուժային հավասարակշռությունը: Նման իրավիճակում կարծում եմ, որ այդ հրթիռները կգան նաև Հայաստան: Պարտադիր չէ ռուսական արտադրության, դրանք կարող են լինել իրանյան հրթիռներ: Այսինքն, Ադրբեջանի կողմից C-300 զենիթահրթիռային համալիրներ ձեռք բերելը կսրացներ ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացը: Ես չէի ցանկանա, որպեսզի գալիք աշնունը նշանավորվեր Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմով»,- ասել է փորձագետը:

Պատասխանելով այն հարցին այն մասին, թե այդ դեպքում ինչպես կվարվի Ռուսաստանը, Ցիգանոկը նշել է, որ 2008-ի օգոստոսի կրկնությանը սպասել պետք չէ: «2008-ի օգոստոսին բոլորովին այլ իրավիճակ էր: Այո, Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել, որ այսօր Հայաստանը Հարավային Կովկասում Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է: Հայաստանի տարածքում տեղաբաշխված է ռազմական բազա: Սակայն, ես կարծում եմ, որ Ռուսաստանի միջամտությունը ղարաբաղյան հակամարտությանը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը հարված հասցնի նրա ռազմական բազային: Բայց չեմ կարծում, որ Ադրբեջանի ղեկավարությունը կգնա նման քայլի»,- ասել է Ցիգանոկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---