12 օգոստոսի 2010 - 14:24 AMT
Ռիմմա Վարժապետյան. Ռովշան Ասկերովը բացահայտ հակասեմիտ է

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի անվանի մասնակիցներից մեկը` Ռովշան Ասկերովը, բացահայտ հակասեմիտիզմ է ցուցաբերում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հրեական համայնքի (ՀՀՀ) ղեկավար Ռիմմա Վարժապետյանը: Միաժամանակ նա նշել է, որ ՀՀՀ-ն կասկածի տակ է դնում Ասկերովի պրոֆեսիոնալ գործունեությունը: Նա նաև զարմացել է, թե ինչպես կարող է նման մարդը լինել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» թիմի անդամ և ելույթ ունենալ Ռուսաստանի Հանրային հեռուստաալիքի եթերում:

Վարժապետյանը նաև հաղորդեց, որ շուտով հրապարակվելու է համայնքի և հրեական կազմակերպությունների բաց նամակն` ուղղված Առաջին ալիքի ղեկավարությանը` խնդրելով ուշադրություն դարձնել այդ հանգամանքին: «Ասկերովը բլոգերում լիովին հերքում է Հոլոքոսթը, ընդ որում հիշատակվում է նաև Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Վարժապետյանը և հավելել, որ Ռովշան Ասկերովը կարծում է, որ Հոլոքոսթը և Հայոց ցեղասպանությունը մեծ PR ակցիաներ են: Նրա խոսքերով, հենց այդ պատճառով ՀՀՀ-ն որոշել է դրա վրա հրավիրել հասարակության ուշադրությունը և հարցականի տակ դնել նրա մասնակցությունը «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղին, ինչպես նաև նրա հետագա ներկայությունն այդ ալիքում:

Ռովշան Ասկերովը «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի հեռուստատեսային տարբերակի գիտակներից է, ինչպես նաև «Սպորտ-էքսպրես» թերթի նախկին սպորտային մեկնաբան: Հայտնի է իր նյարդային և ոչ ադեկվատ վարքով և անժամկետ որակազրկվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» Ակումբների մոսկովյան ասոցիացիայի կողմից անպատշաճ վարքի պատճառով: Նաև միակ խաղացողն է «Աթենք» թիմի բազմամյա պատմության մեջ, որի հրավերը սխալ է համարվել (մի քանի ամիս անց դուրս է հանվել թիմից):