12 օգոստոսի 2010 - 15:52 AMT
Հրանուշ Հակոբյան. «Մենք ուզում ենք, որպեսզի շախմատը սփյուռքահայերի շրջանում նույնքան ժողովրդականություն վայելի, որքան Հայաստանում է վայելում»

Օգոստոսի 15-23-ը «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի շրջանակներում Երևանում կանցկացվի շախմատի համահայկական երիտասարդական առաջին օլիմպիադան: Դրանում մասնակցելու է 10 երկրից ժամանած 12 թիմ (բարձր վարկանիշ ունեցող 40 շախմատիստ): Թիմերը բաշխվել են տարածաշրջանային սկզբունքով` Հայաստան և Ռուսաստան (երկուական թիմ), Արցախ և ԱՊՀ, Եվրոպա, Մերձավոր և Միջին Արևելք, Հյուսիսային Ամերիկա և Հարավային Ամերիկա (մեկական թիմ):

Օգոստոսի 12-ին Հայաստանի սփյուռքի նախարարությունում լրագրողների հետ հանդիպել են նախարար Հրանուշ Հակոբյանը և շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանը:

Հ. Հակոբյանը նշել է, որ մրցախաղի նպատակը Հայաստանի և հայկական սփյուռքի միջև կապի ամրապնդումն է և հայկական շախմատի ավանդույթները տարածելը: «Մենք ուզում ենք, որպեսզի շախմատը սփյուռքահայերի համար նույնքան ժողովրդականություն վայելի, որքան Հայաստանում է վայելում», - ասել է նախարարը:

Սմբատ Լպուտյանի կարծիքով, մրցույթը լինելու է շատ հետաքրքիր, քանի որ խաղալու են տարբեր երկրների ամենաուժեղ շախմատիստները: «Յուրաքանչյուր թիմ ներկայացնելու է երեք պարմանի և մեկ պարմանուհի, որոնց շարքում կան 11 գրոսմայստեր, 10 միջազգային կարգի վարպետ և ՖԻԴԵ-ի 7 վարպետ, - ասել է Լպուտյանը: - Ամենակրտսեր մասնակիցը Սամվել Սևյանն է, որ ժամանելու է Սան Ֆրանցիսկոյից: Նա 10 տարեկան է: Օլիմպիադային մասնակցելու են մինչև 35 տարեկան շախմատիստներ»:

Օլիմպիադայի բյուջեն 21.700 ԱՄՆ դոլար է: Այն անցկացվելու է ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի շախմատի ակադեմիայի համատեղ կազմակերպած ծրագրով:

Օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 14-ին, ժամը 20.00-ին, Հայաստանի շախմատի ակադեմիայում: