Նազարեթ Կարոյան. Իջևանի բնակիչներին ու հյուրերին «գեղարվեստական խելագարություններ» են սպասվում

PanARMENIAN.Net - Օգոստոսի 15-ից 20-ը Իջևանում կկայանա «Ժամադրություններ սահմանների վրա» Համայնքային արվեստի ամառային փառատոնը: Այդ մասին օգոստոսի 13-ին կայացած մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի Արվեստի քննադատների ասոցիացիայի նախագահ Նազարեթ Կարոյանը: «Ժամադրություններ սահմանների վրա» անունը պատահական չէ ընտրված: Տվյալ դեպքում սահմանը ոչ թե քաղաքական, այլ մշակութային տերմին է և արտացոլում է հեղինակի ու հանդիսատեսի միջև հարաբերությունները»,- նշել է նա:

Արվեստի քննադատների ասոցիացիայի նախագահը նշել է, որ Իջևանի բնակիչներին ու հյուրերին իրենց «գեղարվեստական խելագարություններով» պատրաստ են զարմացնել Իջևանում Արվեստի ամառային դպրոցի 10 շրջանավարտներ և արվեստի գործիչներ Ռուսաստանից, Թուրքիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Իտալիայից և այլ երկրներից: Ընդհանուր առմամբ փառատոնին ներկայացված կլինեն ավելի քան 18 երկրներից ժամանած մասնակիցների աշխատանքներ: Ներկայացված աշխատանքների ժանրերի թվում Նազարեթ Կարոյանը նշել է ժամանակակից արվեստի այնպիսի տեսակներ, ինչպիսիք են վիդեոինստալյացիաներն ու գրաֆիտին` ավելացնելով, որ ներկայացումների մի մասը տեղի կունենա քաղաքի փողոցներում:

Նազարեթ Կարոյանի խոսքով, փառատոնի նպատակը պայքարն է արվեստի ապակենտրոնացման դեմ և համագործակցությունը հայ ու արտասահմանյան արվեստի կենտրոնների միջև: Նա ընդգծել է նաև, որ «Ժամադրություններ սահմանների վրա» փառատոնի մասին ֆիլմ է նկարահանվելու:

Խոսելով Արվեստի ամառային դպրոցի մասին` Նազարեթ Կարոյանը նշել է, որ այն գործում է արդեն հինգերորդ տարին: Դպրոցի ուսանող կարող են դառնալ տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ` փաստաբաններ, տնտեսագետներ, որոնք անտարբեր չեն արվեստի նկատմամբ: Ասոցիացիայի նախագահի խոսքով, մասնագետների ուսուցումն այդ դպրոցում կօգնի լուծել մի շարք խնդիրներ` կապված մենեջմենթի, հեղինակային իրավունքների ձեռքբերման և այլ նման բարդ հարցերի հետ: Ամառային դպրոցի կազմակերպիչ Անժելա Հարությունյանը նշել է, որ դպրոցում անցկացվում են արվեստի պատմության, ճիշտ թարգմանության դասընթացներ: «Դպրոցի շրջանավարտները արվեստի ոլորտում միջազգային նախագծերի, բիենալեների ու փառատոների մասնակիցներ են դառնում»,- նշել է Անժելա Հարությունյանը` ավելացնելով, որ ուսանողների հաջորդ ընդունելությունը Արվեստի ամառային դպրոց կկայանա 2010 թվականի հոկտեմբերին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---