Գառնիում կգործարկվի զբոսաշրջության տեղեկատվական կենտրոն

PanARMENIAN.Net - Մինչև տարեվերջ Գառնի համայնքում կգործարկվի զբոսաշրջության տեղեկատվական նոր կենտրոն: Համաձայն Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և Կոտայքի մարզի Գառնիի գյուղապետարանի միջև օրերս ստորագրված պայամանգրի` Շահումյան 6 հասցեում գտնվող Գառնիի մշակույթի տան մեկ հատվածը 25 տարի ժամկետով փոխանցվել է հիմնադրամին` անհատույց օգտագործման նպատակով: Տարածքում նախատեսվում է հիմնել զբոսաշրջության տեղեկատվական և մարկետինգային կենտրոն, որի շահագործումը կիրականացվի Գառնի-Գեղարդ երթուղու տարածքում գործող համապատասխան տեղական կազմակերպության միջոցով:

Արդեն մեկնարկել են վերանորոգման աշխատանքները, որոնք իրականացվում են «Գեղարդի հովտի ագրոտուրիզմի զարգացում» հասարակական կազմակերպության (ՀԿ) ուժերով եւ վերահսկվում են մրցունակության հիմնադրամի կողմից: Կենտրոնի վերանորոգման և կահավորման համար մրցունակության հիմնադրամը հատկացրել է 7 մլն ՀՀ դրամ: Գառնիի գյուղապետարանն իր կողմից նույնպես կաջակցի աշխատանքների իրագործմանը:

Նույն ՀԿ-ն տեղեկատվական կենտրոնի համար կհավաքագրի մայրենի և օտար լեզուների իմացությամբ որակյալ անձնակազմ, որը զբոսաշրջիկներին կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն ճանապարհորդության տարբեր հարցերի և երթուղու զբոսաշրջավայրերի վերաբերյալ: Նախատեսվում է նաև հայթայթել լրացուցիչ միջոցներ` շենքի շրջակայքը բարեկարգելու նպատակով: Կենտրոնը կկառուցվի և կգործարկվի շուրջ երեք ամսվա ընթացքում, հաղորդում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---