19 օգոստոսի 2010 - 11:47 AMT
Դմիտրի Մեդվեդևի այցի ընթացքում մի շարք համաձայնագրեր կստորագրվեն Հայաստանի և Ռուսաստանի միջև

Դմիտրի Մեդվեդևի այցի ընթացքում քննարկվելու են Հայաստանում ռուսական խոշոր ներդրումային նախագծերի իրագործման հարցեր: «Այդ առումով ամենահեռանկարային ոլորտներից մեկն ատոմային էներգետիկան է: Ստորագրվելու է նաև միջկառավարական հաամձայնություն Հայաստանի տարածքում նոր սերնդի ատոմային էներգաբլոկի շինարարության համագործակցության մասին»,- ասվում է Կրեմլի մամլո ծառայության հաղորդագրությունում:

Նախատեսվում է նաև փոխըմբռնման հուշագրի ստորագրում ՀՀ ՊՆ և ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության ծառայության միջև:

Գլխավորը կլինի արձանագրության ստորագրումը Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարացման մասին:

«Սպասվում է, որ ուշադրություն կդարձվի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: ԵԱՀԿ ՄԽ և Երևանի ու Բաքվի հետ երկկողմանի կապերի շրջանակներում Ռուսաստանը միջնորդական ջանքեր է հանդես բերում, որոնք ուղղված են կարգավորման հիմնական սկզբունքների համաձայնեցմանը»,- ասվում է հաղորդագրությունում:

Ինչ վերաբերվում է տնտեսական համագործակցությանը, ապա Ռուսաստանի և Հայաստանի բարեկամական հարաբերություններն ամուր տնտեսական հիմքեր ունեն: Հայաստանում հաջող կերպով աշխատում են ռուսական ընկերություններ` «Գազպրոմ», «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ», «ՌԵՈՒ», «ՎՏԲ բանկ», «Վիմպելկոմ» և այլն:

1991-ից սկսած Հայաստանի տնտեսության մեջ Ռուսաստանի ներդրումները կազմում են շուրջ 2.4 մլրդ դոլար կամ երկրում բոլոր արտասահմանյան ներդրումների 60 տոկոսը: Ռուսական ներդրումների հիմնական ոլորտներն են էներգետիկ, բանկային, հեռահաղորդակցության, լեռնամետաղագործական և շինարարական հատվածները: