19 օգոստոսի 2010 - 18:51 AMT
Երևանում իրավաբանական անձանց կգրանցեն «Մեկ պատուհանի կանգառ» սկզբունքով

Հայաստանի կառավարությունը 113,3 մլն դրամ է հատկացրել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալության կողմից Երևան քաղաքում իրավաբանական անձանց գրանցման ծառայությունների մատուցումը «Մեկ պատուհանի կանգառ» (ՄՊԿ) սկզբունքով իրականացնելու համար համապատասխան տարածքի նորոգման և կահավորման նպատակով։ Ինչպես հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը, նման որոշում է ընդունվել օգոստոսի 19-ին կայացած նիստում, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Դրա շնորհիվ կկրճատվեն ՄՊԿ-ում օրենքով սահմանված գրանցման վճարն ընդունելու ընթացակարգը և ժամկետը, ՄՊԿ-ն կօժտվի առգիծ ռեժիմով աշխատելու հնարավորությամբ և այլն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Այս հարցի առնչությամբ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այն կարևորներից է արդարադատության նախարարության 2010թ. ծրագրում և գտնվում է նախարարի անմիջական հսկողության ներքո։ ՄՊԿ-ն չափազանց լուրջ բարեփոխում է և համակողմանիորեն պետք է լուսաբանվի մամուլում։

Վարչապետը կարևորել է նաև ՀՀ արդարադատության նախարարի ներկայացրած «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» և «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրինագծերը, որոնք ԱԺ հավանությանն արժանանալուց հետո կկարողանան բեկում մտցնել նշված ոլորտներում։