20 օգոստոսի 2010 - 15:37 AMT
Դ. Մեդվեդև. «Պատվո բլուրը» ռուս և հայ ժողովուրդների եղբայրության ու միության ևս մեկ խորհրդանիշ կդառնա»

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդևը Գյումրիում բացեցին «Պատվո բլուր» հուշահամալիրը, որը կառուցվել էր 19-րդ դարում ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զոհված 156 ռուս սպաների գերեզմանոցում:

«Ես մեծ պատիվ եմ համարում այսօր բացել վերածնված «Պատվո բլուր» ռուսական հուշահամալիրը: Այստեղ թաղված են ռուս սպաներ, զինվորներ և բժիշկներ, որոնք զոհվել են 1855, 1877-78 թթ.: Ռուսաստանի ողջ ժողովրդի անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ժողովրդին ու ղեկավարությանը` մեր մարտիկների հիշատակի հանդեպ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի, Անդրկովկասում տեղի ունեցած մարտերի մասին պատմական ճշմարտությունը պահպանելու համար», - ասել է ՌԴ նախագահը:

Նրա խոսքերի համաձայն, 19-րդ դարում ռուսական զորքերը ոչ միայն ամրապնդվել են այդ ռազմավարական տարածաշրջանում, այլև պայմաններ են ստեղծել Կովկասի ժողովուրդների ազգային վերածննդի համար, նրանց մայրենի լեզվի և մշակույթի պահպանման համար: Նա ավելացրել է, որ զինվորական այդ ընկերությունները Ռուսաստանի ազգաբնակչության մոտ հայրենասիրության զգացում են առաջացրել: Նա մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել Հայաստանի ղեկավարությանն ու բոլոր նրանց, ովքեր անշահախնդրորեն օգնել են «Պատվո բլուրը» վերականգնելու համար, այդ թվում նաև հայ և ռուս հասարակայնությանը;

«Պատվո բլրի» բացման արարողությունից հետո նախագահները եղևնի տնկեցին հուշահամալիրի այգում, այնուհետև ռուսական եկեղեցում մասնակցեցին պատարագին:

Հուշահամալիրի բացմանը ներկա էին` ռուսական պատվիրակության անդամները, Հայաստանում ՌԴ դեսպանության ներկայացուցիչները, ՀՀ ԱԺ պատգամավորներ և պաշտոնատար այլ անձինք: