Շարունակվում է Արցախի Հանրապետության նախագահի այցը Լիբանան

Շարունակվում է Արցախի Հանրապետության նախագահի այցը Լիբանան

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոոստոսի 23-ին Բեյրութ քաղաքում այցելել է Հայ Կաթողիկե եկեղեցու պատրիարքարան և հանդիպել կաթողիկոս պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի, հոգևոր դասի բարձրաստիճան ներկայացուցիչների և հայ համայնքի մի խումբ անդամների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայրենիք-Սփյուռք հարաբերություններին, ինչպես նաև Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:

Բակո Սահակյանը նշել է Սփյուռքի տարբեր հատվածների հետ կապերի շարունակական ընդլայնման անհրաժեշտությունը` ընդգծելով հաճախակի փոխայցելությունների նշանակությունը` հատկապես մատաղ սերնդի ներկայացուցիչների ընդգրկմամբ: Նախագահը կարևոր է համարել Հայ Կաթողիկե եկեղեցու դերակատարությունը Սփյուռքում և հատկապես Լիբանանում հայկական մշակութային և կրթական օջախների պահպանման գործում: Անդրարադձ է կատարվել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերին:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովը, կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Մերձավոր Արևլքում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը, ինչպես նաև Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Քոչարյանը:

Նույն օրը տեղի է ունեցել երկրի ղեկավարի մամլո ասուլիսը լիբանանյան մի շարք առաջատար լրատվամիջոցների մասնակցությամբ: Ասուլիսի ընթացքում արծարծվել են Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին և Արցախ-Սփյուռք կապերին առնչվող հարցեր:

Օգոստոսի 24-ին Նախագահ Բակո Սահակյանը Բեյրութում հանդիպում է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Լիբանանի մասնաճյուղի տնօրեն Սարգիս Արմենյանի և մի խումբ անդամների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման և երկրում տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Նախագահը բարձր է գնահատել հիմնադրամի դերը Արցախի զարգացման գործում` նշելով, որ այդ գործընթացում ակնկալում է լիբանանահայ համայնքի մասնակցության էլ ավելի ակտիվացումը:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովը, կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Մերձավոր Արևլքում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---