26 օգոստոսի 2010 - 15:57 AMT
Էդուարդ Շարմազանով. ԱՄՆ-ն դրական է արձագանքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական կուրսին

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո խոսնակի տեղակալ Մարկ Թոների հայտարարությունը:

«Պետդեպարտամենտի ներկայացուցչի հայտարարությունը դրական և ինչ-որ չափով սպասված եմ համարում այն իմաստով, որ ամերիկյան վարչախումբը հայ-ռուսական վերջին զարգացումները համարում է բացառապես երկու կողմերին վերաբերող հարց, ինչը բխում է տարածաշրջանի կայունությունից և անվտանգությունից»,- նման կարծիք է հայտնել ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը, մեկնաբանելով ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոների հայտարարությունը` հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ:

Շարմազանովը նկատել է, որ այս հայտարարությամբ Վաշինգտոնը պաշտոնապես վերահաստատում է հայ-ամերիկյան հարաբերությունների գործընկերային բնույթը. «Սա նշանակում է, որ ԱՄՆ-ն դրական է արձագանքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական կուրսին և ընդգծում է Հայաստանի հետ հարաբերությունների սերտացման շարունակականությունն ապահովելու պատրաստակամությունը»,-ասել է Շարմազանովը` հավելելով, որ ամերիկյան դրական շեշտադրումը, կապված Ռուսաստանի ՄԽ միջնորդական առաքելության հետ, թե « Ռուսաստանը Մինսկի խմբի մի մասն է և այս առումով կառուցողական դեր է խաղում », դիվանագիտական ապտակ է Բաքվին և նրա հովանավորյալին. «Վաշինգտոնի այս մեկնաբանությունից պարզ դառնում, որ Մադրիդյան փաստաթղթի Սանկտ-Պետերբուրգյան առաջարկները մշակվել և ներկայացվել են ոչ թե միայն Կրեմլի կողմից, ինչպես պնդում էր Ադրբեջանը, այլ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից»: