31 օգոստոսի 2001 - 23:36 AMT
«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՆՈՐ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԻՐ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ
«ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ-ն հայտարարել է նոր սակագնային քաղաքականության անցնելու եւ Հայաստանում հեռախոսային ցանցը թվայնացնելու իր վերջնական որոշման մասին, որը նպատակ ունի ընկերության սակագները համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին: Դա, ըստ «ԱրմենՏելի», կարեւոր գործոն է Հայաստանի տնտեսության ինտեգրացումն իրանացնելու համար: Որոշման համաձայն, Հայաստանում րոպեավճարը կգործի սեպտեմբերի 1-ից: «ԱրմենՏելի» յուրաքանչյուր բաժանորդ ամսական 120 րոպե հեռախոսային կապից անվճար օգտվելու հնարավորություն կունենա: 120 րոպեից հետո յուրաքանչյուր 1 րոպեի համար սահմանվում է 4 դրամ վարձավճար: Ընկերությունը նշում է, որ րոպեավճարի կիրառումը հնարավորություն կտա կարգավորել ցանցի աշխատանքը, միջազգային/միջքաղաքային եւ տեղական զանգերի գների միջեւ գոյացած ճեղքվածքը: Որպես օրինակ բերվում է աշխարհի մոտ 126 երկրների նման սակագնային քաղաքականության բազմամյա փորձը: Ընկերությունը տեղեկացնում է, որ թվայնացվել է Երեւանի հեռախոսային ցանցի 68.3%-ը եւ մարզերի 15.5%-ը, որի համար ընդհանուր առմամբ ծախսվել է 88 մլն ԱՄՆ դոլար: «ԱրմենՏելի» հավաստմամբ, թվային կայանները, բացի հեռահաղորդակցության գերազանց որակից, բաժանորդներին մատուցում են զանազան ծառայություններ, ասենք` զանգի վերահասցեավորում, մի քանի բաժանորդների հետ միաժամանակյա խոսելու հնարավորություն, վիդեոկապ եւ այլն:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: