30 օգոստոսի 2010 - 12:12 AMT
Սերժ Սարգսյանն այցելել է Ստեփանակերտի թիվ 11 դպրոց և մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակներում, օգոստոսի 29-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, Արցախի այլ պաշտոնատար անձանց և «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի թիվ 11 նորակառույց դպրոց և մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն: Նախագահ Սարգսյանը, նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ, ծանոթացել է կրթության և գեղարվեստական դաստիարակության համար հիշյալ հաստատություններում ստեղծված պայմաններին:

Ստեփանակերտի թիվ 11 դպրոցում բարձրաստիճան հյուրերին ներկայացրել են, որ 560 աշակերտի համար կառուցված այդ ուսումնական հաստատությունն ապահովված է անհրաժեշտ բոլոր պայմաններով`գրադարան, մարզադահլիճ, սպորտհրապարակ, ռազմագիտության, աշխատանքի և համակարգչային դասասենյակներ, բուժկետ և այլն: Դպրոցի տարածքը բարեկարգվել է, ստեղծվել է կանաչ գոտի, իրականացվել են արտաքին լուսավորության աշխատանքներ:

Նախագահ Սարգսյանը շրջել է նաև հարմարավետ պայմաններում գործող մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում, որի երաժշտագեղարվեստական, տեխնիկական ստեղծագործությունների, կիրառական արվեստի և կենցաղային էսթետիկայի բաժիններում ըստ նախասիրությունների զբաղվում է 1000 երեխա:

ՀՀ նախագահն այնուհետև այցելել է վերանորոգման ավարտական փուլում գտնվող Ստեփանակերտի կենտրոնական պուրակ, որն իր նորությամբ` «երգող շատրվաններով», առավել բարեկարգ և գեղեցիկ տեսքով կներկայանա ստեփանակերտցիներին ու քաղաքի հյուրերին: Պուրակի հանդիսավոր բացումը նախատեսվում է ԼՂՀ Անկախության օրվա նախօրեին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: