Սերժ Սարգսյան. Ադրբեջանը հերթական անգամ կոպիտ սխալ է թույլ տալիս30 օգոստոսի 2010 - 12:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակներում, օգոստոսի 29-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, Արցախի այլ պաշտոնատար անձանց և «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի թիվ 11 նորակառույց դպրոց և մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն: Թիվ 11 դպրոցում Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև ուսուցիչներից մեկի հարցին, որը վերաբերել է ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրը ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում շահարկելու, այդպիսով` կարգավորման ներկայիս ձևաչափը խեղաթյուրելու Ադրբեջանի քաղաքական ուղեգծին: Ուսուցիչը հարցրել է. «Այսօր Արցախի Հանրապետությունը զարգանում և բարգավաճում է, մենք մեր ձեռքերով կառուցում ենք մեր Հանրապետությունը: Բայց Ադրբեջանն այսօր ՄԱԿ-ում և միջազգային այլ կազմակերպություններում, առիթը բաց չթողնելով, փորձում է նորանոր բանաձևեր առաջ քաշել` դրանով իսկ փակելով միջազգային հանրության աչքերը: Մինչև ե՞րբ է Ադրբեջանը շարունակելու քաղաքական տվյալ կուրսը և չեն հասկանո՞ւմ, վերջապես, որ սա այլ Հանրապետություն է, և նրանց հետ ոչ մի կապ չունի»: Ս. Սարգսյանը պատասխանել է. «Լավ կլինի, որ այս հարցը Ալիևին տաք, որովհետև ես չեմ կարող Ադրբեջանի քաղաքականության համար պատասխանատու լինել: Ես առավելագույնը կարող եմ պատասխանատու լինել Հայաստանի և, ինչ-որ չափով, մեր ժողովրդի տարբեր հատվածների կողմից իրականացվող քաղաքականության համար: Մյուս կողմից, ես զարմանում եմ, որ Դուք զարմանում եք Ադրբեջանի գործողությունների, քայլերի առիթով և մի քիչ էլ զարմանում եմ, որ անհանգստանում եք: Միգուցե, պետք է անհանգստանալ, բայց այդ անհանգստությունը որևէ ազդեցություն չպետք է ունենա ձեր գործունեության վրա: Ձեր խնդիրը` երեխա կրթելը, դաստիարակելն է, նրանց մեջ հայրենասիրական որակների ամրապնդումը, բարձր գիտելիքների նկատմամբ մեծ ցանկություն դաստիարակելն է և ոչ միայն դպրոցում, այլ որպեսզի նրանք, ընդհանրապես, կյանքում միշտ ձգտեն իրենց գիտելիքն ավելացնել: Պատասխանատուները, ովքեր զբաղվում են այդ խնդրով` զբաղվում են քաղաքականությամբ, կարծում եմ, լուծումներ կգտնեն: Իսկ հիմա ավելի կոնկրետ`այո, հավաստի տեղեկություններ կան, որ ադրբեջանցիները ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանի քննարկմանն են ներկայացնելու մի բանաձև (ամենայն հավանականությամբ սեպտեմբերի 9-ին), որի ընդունվելը կամ չընդունվելը չի կարող էական ազդեցություն ունենալ Արցախի և Հայաստանի ո′չ քաղաքական, ո′չ տնտեսական կյանքում, ո′չ էլ անվտանգության բնագավառում: Այդ բանաձևին, հավանաբար, կողմ կքվեարկեն մի քանի տասնյակ երկրներ: Թերևս, այն երկրները, որոնք մշտապես համերաշխություն են ցուցաբերում Ադրբեջանի հետ. առաջին հերթին, դրանք Իսլամական կոնֆերանսի կազմակերպության երկրներն են: Բայց վստահ եմ, որ բոլոր այն երկրները, որոնք ցանկանում են, որպեսզի այդ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով, դեմ են քվեարկելու այս բանաձևին: Առնվազն, գոնե ձեռնպահ են մնալու, որովհետև նրանք շատ լավ գիտակցում են, որ այդպիսի բանաձևերի ընդունումը չի կարող որևէ դրական ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա: Սա` մի հանգամանք, և երկրորդ հանգամանքը` կարծում եմ, որ շատ շատերի համար պարզ է, որ Ադրբեջանը հերթական անգամ կոպիտ սխալ է թույլ տալիս, և այդ կոպիտ սխալը մենք պետք է օգտագործեք մեր նպատակներին հասնելու համար: Ակնհայտ է, որ մեր կողմից ևս քայլեր կլինեն, և այդ քայլերը մեզ կմոտեցնեն մեր նպատակին: Բայց, նորից եմ խնդրում, որ ինձ հարցնեք մեր գործունեության մասին, իսկ մեր գործունեությունը մշտապես պետք է ուղղված լինի նրան, որ ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև մնացած երկրները համոզված լինեն, որ հետդարձի ճանապարհ չկա, որ որևէ կերպ բացառվում է Ղարաբաղի վերադարձն Ադրբեջանի կազմ, որ Արցախն արդեն իսկ կայացած պետություն է, միգուցե` փոքր, միգուցե`դեռևս պրոբլեմներով լի, բայց պետություն է, և այս պետությունն ամրապնդվելու, զարգանալու է: Գիտեք, դուք երեխաներին բացատրում եք, որ տարին ունի չորս եղանակ, և որևէ մեկը չի կարող փոփոխել դա: Ուզես, թե չուզես, գարնանը հաջորդում է ամառը, ամռանը` աշունը, աշնանը` ձմեռը: Եվ այդպես էլ անփոփոխելի է մեր ընթացքը: Այս ընթացքը շարունակվելու է: Նորից վերադառնամ խնդրին, դուք ձեր ճակատում պետք է շարունակեք պայքարը, մենք` մեր ճակատում, սպաները, զինվորները` իրենց ճակատում: Եվ եթե մենք կարողանանք մեր բնագավառներում հաջողության հասնել, այն ժամանակ կարող ենք ասել, որ մեր պրոբլեմները քչանում են», հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |